Վարչապետը ներկայացրել է` ինչ է լինելու Սփյուռքի նախարարության փոխարեն

Գերմանիայի հայ համայնքն անհանգստացած է ՀՀ կառավարության կառուցվածքից Սփյուռքի նախարարությունը հանելու նախաձեռնությունից։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նրանց հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, ով կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը: Այս մասին Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում, Քյոլնում, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում գերմանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Սփյուռքի նախարարությանը վերաբերող հարցին։

Վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան

«Սփյուռքի նախարարության գործառույթները պետք է վերաբաշխվեն: Հատուկ հանձնարարություններով դեսպանը ոչ մի անելիք չի ունենա, բացի Սփյուռքի հետ կապված հարցերը հավաքելուց, լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց և վարչապետի միջոցով այդ լուծումներն իրականացնելուց: Հետևաբար, մտածել ենք Սփյուռքի նախարարության գործառույթները տեղաբաշխել ըստ ճյուղային նախարարությունների»,– ասել է Փաշինյանը։

Ներկայացնելով կառավարության կազմի օպտիմալացման նպատակը` վարչապետն ընդգծել է, որ ամեն գործառույթով պետք է զբաղվի մեկ մարմին: «Օրինակ`Սփյուռքի նախարարությունը մշտապես արտերկրում հայկական կրթօջախների համար ուղարկում էր դասագրքեր, բայց Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում էր կրթության և գիտության նախարարությունը: Եվ մենք շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ ուսուցիչները վերապատրաստվում են մի նախարարության ծրագրի շրջանակում, իսկ դասագրքեր ստանում են մեկ այլ նախարարության կողմից: Ստացվում է, որ այդ դասագրքի օգտագործումը և ուսուցիչների վերապատրաստումը դառնում է ոչ արդյունավետ: Կրթության հարցով զբաղվողը պետք է լինի ԿԳՆ-ն: Այս հանգամանքների բերումով սփյուռքում մենք հայկական կրթության մի քաղաքականություն ենք վարում, իսկ Հայաստանում՝ մեկ այլ: Նույնն էլ մշակույթի ոլորտում»,- նշել է վարչապետը` ընդգծելով, որ քաղաքականության անկյունաքարը պետք է լինի սփյուռքի և Հայաստանի հայի ինքնությունն իրար մոտեցնելը:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում: Վարչապետը Քյոլնում հանդիպումներով հագեցած օրվանից հետո ուղևորվել է Բեռլին։ Այսօր` փետրվարի 1-ին, նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: