Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են. Փաշինյան

ՀՀ վարչապետը Գերմանիայում պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության լուծման խնդրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում` Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում հանդիպել է գերմանահայ համայնքի և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներին:

Ղևոնդյան.«Կողմերից ոչ մեկը փոխզիջման փիլիսոփայության կրող չէ, որ կարևոր թեզերից հետ քաշվի»

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է գերմանահայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Սփյուռքի նախարարության հետ կապված կառուցվածքային փոփոխություններին:

Մասնավորապես, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին` վարչապետ Փաշինյանն ասել է. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ: Եվ, հետևաբար, ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ոչ ֆորմալ վերջին հանդիպումը կայացել է Դավոսում հունվարի 22–ին։