«Նուբարաշենում» մահացած Մհեր Եղիազարյանի վերջին նամակը հրապարակվել է

Կալանավայրում մահացած Եղիազարյանը նշել է, որ 30 տարի իրեն չեն կարողացել լռեցնել, հիմա էլ չի լռելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանը կալանավորումից մի քանի օր առաջ (դեկտեմբերի 1-ին) նամակ է գրել և հանձնարարել է հրապարակել, երբ ինքն ասի: Haynews.am կայքը հրապարակել է հունվարի 26-ին մահացած Եղիազարյանի նամակը։

Քրեական գործ է հարուցվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքի առթիվ

«Դեռևս 2018թ.-ի հուլիսին ինձ նախազգուշացրեցին, որ երկրիս ԱԱԾ-ն գաղտնալսում է իմ հեռախոսահամարները: Բնականաբար ահազանգն ընդունեցի, բայց շարունակեցի իմ սովորության համաձայն խոսել, ինչպես խոսել եմ այս վերջին 28 տարիներին, բաց, ազատ արտահայտվել, միշտ ասել այն, ինչ անում եմ, քանի որ գաղտնի գործողություններից միշտ եղել եմ հեռու...Այդ ամիսների ընթացքում, իմ բնավորության համաձայն, փորձել եմ ընդառաջել բոլոր նրանց, ովքեր դիմել են ինձ, երբեք ուշադրություն չեմ դարձրել որոշ ստահակների, որոնք կարող են իմ օգնությունը վերածել այլ բանի: Աստված նրանց հետ...Այդպես ապրել և օգնել եմ»,– գրել է Եղիազարյանը:

Նա նշել է, որ 2016թ.-ի հոկտեմբերին ձեռք է բերել HayNews.am կայքը, ստեղծել լրատվական կայք, որտեղ անդրադարձել է երկրի օրվա անցուդարձին, առանց բացառությունների՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզական, բնապահպանական և համայնքային խնդիրները համարելով գլխավոր:

«Ամիսներ շարունակ փորձ արվեց կայքի թիկունքում տեսնել իմ շրջապատի «որոշ» մարդկանց, սակայն ապարդյուն, քանի որ որևէ մեկը չկար: Ես իմ ընկեր բարեկամներով, այն էլ հիմնականում հասարակական հիմունքներով, իմ գաղափարները կյանքի կոչեցի, աշխատացնելով լրատվական կայքը:Տարիներ շարունակ կայքի պահպանման համար միշտ էլ իմ շրջապատից պարտքով գումարներ եմ վերցրել, հետագայում վերադարձրել, որոշներինը եղել է վերադարձման փուլում:Այս ամենով հանդերձ, արդեն մի քանի օր շարունակ երկրի ԱԱԾ հերթով իր մոտ է կանչում այն մարդկանց, որոնց հետ խոսել եմ կամ հաղորդակցվել՝ SMS-ներով»,– գրել է Եղիազարյանը:

ԵՄ-ն Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի պատշաճ հետաքննություն է ակնկալում ՀՀ կառավարությունից

Նա նշել է, որ չգիտի` ինչ են փնտրում, ինչ են ուզում անել՝ իրենից նոր «հանցագործ» կերտելով։

«30 տարի ինձ չեն կարողացել լռեցնել, այժմ էլ չեմ լռելու, պետությունից մեկ լումա չեմ գողացել, հայրենիքս սիրել եմ շատ ավելի, քան ինձանից «հանցագործ» կերտողները՝ օրվա իշխանությունները»,– շեշտել է Եղիազարյանը:

Նրա խոսքով` մինչև ապրիլյան իրադարձությունները և դրանից հետո, վերջին ամիսներին ամբողջ գործընթացների վերաբերյալ ունի իր հստակ պատկերացումները և այն միշտ ասել է:

«Առայժմ ամբողջական պատկերացում չունեմ, թե այս ամենը իմ անձի շուրջ հանուն կամ ընդդեմ ինչի կամ ում համար է արվում, բայց վստահ եմ, որ ազնիվ ու արդար չէ այն ճանապարհը, որ ընտրվել է և այն գործելաոճը, որն իրականացվում է իմ անձի նկատմամբ: Արդարանալու կամ այլ նպատակ չունեմ, այն, ինչ որ կներկայացվի իմ անձի մասին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որևէ աղերս չունի իրականության հետ»,– եզրափակել է Եղիազարյան։

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանի մահից հետո քրեական գործ է հարուցվել։

2018թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հացադուլ իրականացրած և վերականգնողական փուլ անցնող կալանավոր Մհեր Եղիազարյանը հունվարի 26-ին հանկարծամահ է եղել հիվանդասենյակում:

Ո՞վ է մեղավոր Մհեր Եղիազարյանի մահվան համար. Արտակ Զեյնալյանը պարզաբանումներ է ներկայացրել

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ըստ փորձաքննության արդյունքների` նա մահացել է ինֆարկտից:

Դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:

Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: