Այստեղից է սկսվել հեղափոխությունը. հայկական գինետներում նոր քաղաքական գործիչներ են ծնվում

Բրիտանական պարբերականը պատմել է Երևանի «Գինու փողոցի» մասին, որտեղ ծնվել է «թավշյա հեղափոխությունը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. «Թավշյա հեղափոխության» և փոփոխությունների առաջին ծիլերը բոլորովին անսպասելի հայտնվել են Երևանի գողտրիկ փողոցներից մեկում` Սարյան փողոցում։ Նման կարծիք ունի «Գինին դարձել է Հայաստանում լայնամասշտաբ հեղափոխության պատճառ» BBC–ի հոդվածի հեղինակ Մարտին Գաթրիջ–Հյուիթը։

«Թավշյա» 2018-ը․ հեռացող տարվա նշանակալի իրադարձությունները Հայաստանում

Հոդվածի սկզբում հեղինակն ընթերցողին պատմական տեղեկություններ է ներկայացնում Հայաստանի մասին, ապա անդրադառնում «թավշյա հեղափոխությանը»` պնդելով, որ շատերը հոռետեսորեն էին վերաբերվել Երևանի կենտրոնում գինետուն բացելու գաղափարին։ Գաթրիջ–Հյուիթի խոսքով` Սարյան փողոցում բազմաթիվ գինու ռեստորաններ են բացվել 2012թ–ին նման հաստատություններից մեկի հաջողությունից հետո։

«Նախկին իշխանությունների տապալումից հետո այդ սրճարանները սիրելի վայր են դարձել` առաջադեմ գաղափարներ քննարկելու համար։ Հիասթափությունները, դառնությունը և հույսերը, որոնցով լի են եղել հաստատությունների այցելուները, արդյունքում վերածվել են ուղիղ գործողությունների», – ասվում է հոդվածում։

Հեղինակին հաջողվել է զրուցել գինու ռեստորաններից մեկի տիրոջ հետ։ Նա խոստովանել է, որ իր հաստատությունում մարդիկ իրենց ազատ են զգացել իշխող դասի բեռից և գաղափարներ քննարկել։

«Գինին գրավում է ավելի կիրթ, հեռատես մարդկանց», – կարծում է ռեստորատորը։

Սարյանի փողոցի գինետներում աշխատողների ճնշող մեծամասնությունը երիտասարդ, կիրթ մարդիկ են։ Պարբերականի համաձայն` նրանք ոչ միայն հեղափոխությունն են արել, այլ նաև դարձել նոր իշխանության մաս։

Այստեղից է սկսվել հեղափոխությունը. հայկական գինետներում նոր քաղաքական գործիչներ են ծնվում

Քանի որ վեճերը և բանավեճերը զարգանում են ժամանակակից Հայաստանի գինետներում, խաղողի բերք հավաքելու և գինու արտադրության ավանդույթներն էլ, բնականաբար, ամրապնդվել են երկրի մշակութային ժառանգության մեջ։

Արդյո՞ք գինին է եղել հայկական հեղափոխության պատճառը`տարբեր են կարծիքները, բայց դրա ազդեցությունը վերածնված Հայաստանի վրա անհերքելի է, եզրափակում է հոդվածի հեղինակը։