ԵԱՏՄ հաջորդ միջկառավարական խորհրդի նիստը կկայանա Երևանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող արդիական հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը, հայկական կողմի առաջարկով, կկայանա գարնանը Երևանում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Ալմաթիում տեղի ունեցած ընդլայնված կազմով խորհրդի նիստի ընթացքում այս մասին հայտնել է Ղրղըզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը։

Նա ավելացրել է, որ ամռանը Ղրղըզստանը կընդունի ԵԱՏՄ անդամ–երկրների վարչապետներին։

«Եվ այդ հաճելի հնարավորությունից հետո հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն օգոստոսին մեր Չոլպոն–Աթա քաղաքում, Իսիկ Կուլ լճի ափին անցկացնելու մեր առաջարկը։ Հայցում ենք ձեր աջակցությունը», – նշել է Աբիլգազիևը։

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն իր հերթին ավելացրել է, որ միջկառավարական խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել ապրիլի վերջին, մայիսի սկզբին Երևանում։

Նշենք, որ նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Բակիտջան Սագինտաևը, Ղրղըզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող արդիական հարցեր են քննարկել։