Երևանյան ցայտաղբյուրների վրա փականներ կդնեն. Աղաջանյանը բացատրել է` ինչու

Միայն ցայտաղբյուրների օգտագործման հետևանքով Հայաստանը տարեկան մոտ 4.3 միլիոն տոննա խմելու ջուր է կորցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Երևանում գործող հարյուր ցայտաղբյուրի վրա փականային համակարգ կտեղադրվի։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Երևանյան հուշարձաններ. ցայտաղբյուրներից մինչև «Կարա–Բալա»

«Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել ստորև ներկայացված նկարում արտացոլված փականային համակարգի ներդրման միջոցով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվեն Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր»,– գրել է նա։

Աղաջանյանը նշել է, որ խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։

«Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում»,– գրել է նա։

Աղաջանյանը նշել է, որ միայն ցայտաղբյուրների օգտագործման հետևանքով մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։