«Փառք աստծուն». Արթուր Վանեցյանը խոսեց հայ–վրացական հարաբերությունների մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանեց վրաստանյան այցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը գերազանց է գնահատում Վրաստան կատարած այցը։ Նրա կարծիքով` Վրաստանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։

Նախարարը քաղաքական պաշտոն է. Վանեցյանը` ԱԱԾ-ն նախարարության վերածելու մասին

Վանեցյանը Վրաստան էր մեկնել հունվարի 24–ին։ Այնտեղ նա հանդիպել էր Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հետ։ Կողմերն անդրադարձել էին գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հարցերին:

«Այցը գերազանց եմ գնահատում։ Վրաստանը մեր հարևանն է, և մեզ համար ստրատեգիկ նշանակություն ունի Վրաստանի հետ լավ հարաբերություներ ունենալը։ Փառք աստծուն, այդ հարաբերությունները երկկողմանի ձևավորվել են շատ դրական, և կարծում եմ` Վրաստանի հետ այդ դրական հարաբերությունները միայն օգուտ կբերեն թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Վրաստանին», – ասաց Վանեցյանը։

Թբիլիսիում Վանեցյանն ու Գոմելաուրին քննարկել են նաև տարածաշրջանում առկա վիճակը, երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցությունը։

Ավելի վաղ` հունվարի 15–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում էր անցկացրել վրացի գործընկերոջ` Մամուկա Բախտաձեի հետ Վրաստանի Բոլնիս ավանում։