ՌԱԴԻՈ

Վանեցյան. «Ֆեդերացիան պետբյուջեից զրո գումար է ստանում»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը խոսեց իրենց ծրագրերի մասին` վստահեցնելով, որ հայկական ֆուտբոլն առաջիկա տարիներին լուրջ արդյունքներ է գրանցելու։
Sputnik
Վանեցյան. «Ֆեդերացիան պետբյուջեից զրո գումար է ստանում»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում շատ մեծ աշխատանքներ են կատարվում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Ինչու են ուզում փոխել ԱԱԾ աշխատակիցների համազգեստը. Վանեցյանի պատասխանը

«Չեմ կարող ասել, որ մենք նախկին ղեկավարների չարաշահումներն ենք բացահայտում։ Ֆուտբոլի ֆեդերացիան մեծ տնտեսություն ունի, և այդ տնտեսությունը, իհարկե, ստուգվում է, նայվում է` ինչն է ավել, ինչն է պակաս։ Չեմ ասում, որ վատնած գումարներ կան։ Սովորական գործընթաց է, որը պետք է արվի ղեկավարության փոփոխման դեպքում։ Ֆեդերացիայում կատարում ենք շատ մեծ աշխատանքներ, կարծում եմ` ունենալու ենք դրական ձեռքբերումներ մեր ֆուտբոլում։ Լրջագույն մասնագետներ ենք ներգրավել արտասահմանից` Հայաստանի ֆուտբոլը զարգացնելու համար, կարծում եմ` առաջիկա մի քանի տարիներին ունենալու ենք լուրջ արդյունքներ»,– ասաց Վանեցյանը։

Նա ավելացրեց, որ կառուցելու են շուրջ 700 փոքր դաշտ, դրանք հանձնելու են համայնքներին, որպեսզի երեխաները ֆուտբոլ խաղալու տեղ ունենան։ Դրա հետ մեկտեղ կառուցելու են ֆուտբոլային դպրոցներ, ակադեմիա, մարզադաշտ։

«Հանրության որոշ շրջանակներից քննադատություն է հնչում, թե փող ունեք, ուրիշ բանի վրա ծախսեք, մեծ մարզադաշտ պետք չէ։ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի Հանրապետության բյուջեից զրո գումար է ստանում։ Հակառակը` վճարում է հարկեր և լցնում պետական բյուջեն։ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան գումարները ստանում է ՖԻՖԱ–ից և ՈՒԵՖԱ–ից, ինչպես նաև իր իրականացրած միջոցառումներից։ Եթե որևէ մեկը կասի` մարզադաշտ կառուցելու համար գումարները կարող եք ուրիշ տեղ ծախսեք, ապա ասեմ` չենք կարող։ Գումարները տրվում են նպատակային»,– ասա Վանեցյանը։

Նա ավելացրեց, որ իրենց դեռ պետք է կարողանան համոզել մարդկանց, որ գումարներ բերեն Հայաստան։