Արդարադատության նախարարությունը վճռական է պրոբացիայի ոլորտը զարգացնելու հարցում

Քննարկվել են Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների հելսինկյան կոմիտեի ծրագրերի ղեկավար Կոեն Գոեին, Նիդեռլանդների արդարադատության համայնքային գծով խորհրդատու, պրոբացիոն ծառայության փորձագետ Լեո Թիխեսին և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանին:

Ո՞վ է մեղավոր Մհեր Եղիազարյանի մահվան համար. Արտակ Զեյնալյանը պարզաբանումներ է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, Ծառայության և պետական, համայնքային մարմինների հետ սերտ համագործակցության ձևավորմանը, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրության կատարելագործմանը, էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի դրական և բացական կողմերին:

Նախարար Զեյնալյանը վստահեցրել է, որ Արդարադատության նախարարությունը վճռական է պրոբացիայի ոլորտը զարգացնելու հարցում, և փորձագետների գիտելիքն ու փորձը կարող են իրենց նպաստը բերել համակարգի բարելավման աշխատանքներում: