ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորում երկու եղբայրներին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2018 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմանում, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1993թ., ինչպես նաև նրա անչափահաս եղբայրը՝ ծնված 2002թ.՝ «ձախ աճուկային շրջանի թափանցող վերք» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կազմվել քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան:
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքում գործող մսի խանութում խանութի տիրոջ և Լոռու մարզի 28 և 31-ամյա բնակիչների միջև մսին ձեռք տալու պատճառով վիճաբանություն է առաջացել:
Լսելով վիճաբանության ձայները՝ նրանց են մոտեցել խանութի տիրոջ 17 և 26-ամյա որդիները, որից հետո 28-ամյա տղամարդը դիտավորությամբ դանակով հարվածել է նախ 26-ամյա երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին, ապա նաև վերջինիս անչափահաս եղբոր ձախ աճուկային շրջանին՝ նրանց պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այնուհետև, խանութի տերը, տեսնելով, որ 28 և 31-ամյա տղամարդիկ ցանկանում են փախուստի դիմել «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով, որդիներին դանակահարելու կապակցությամբ վրեժխնդիր լինելու դրդապատճառով, կացնով դիտավորությամբ հարվածել և ջարդել է 31-ամյա տղամարդուն պատկանող «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին:
Լոռու մարզի 28-ամյա բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: