ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. 7 մարդ է մահացել Թբիլիսիի Քեթևան Ծամեբուլի պողոտայում գտնվող բնակելի տանը տեղի ունեցած բնական գազի արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը։
Նրանք աշխատում էին «Լիբերթի բանկի» նոր մասնաճյուղի շինարարության վրա և վարձակալել էին Քեթևան Ծամեբուլի պողոտայում գտնվող բնակելի տունը։ Մահացածների թվում նաև հայր և որդի կան։
Նախնական վարկածով` արտահոսքի պատճառ կարող էր դառնալ բնակարանում տեղադրված բաց տեսակի ջրի տաքացուցիչը։
Վրաստանի ՆԳՆ–ն արդեն հաստատել է 7 մարդու մահվան փաստը։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին հզոր պայթյուն էր տեղի ունեցել նաև Թբիլիսիի Դիդի Դիգոմի շրջանի բնակելի շենքում։ Այն ժամանակ գազի արտահոսքից 4 մարդ էր մահացել, այդ թվում 4 տարեկան երեխա։
Ինչպես գրում է Sputnik Գրուզիան, Թբիլիսիի բնակելի տներում արդեն երկար տարիներ կենտրոնական ջեռուցման համակարգ չկա, բնակչությունը բնակարանները ջեռուցում է տարբեր էլեկտրական և գազային սարքավորումներով։ Հաճախ այդ սարքերն անորակ են լինում, քանի որ անվճարունակ բնակչությունը չի կարող իրեն մեծ ծախսեր թույլ տալ։