Կոկորդիլոսել եմ և կկոկորդիլոսեմ. Տանզանիայի, ձվերի և մարզպետական անհեթեթության մասին

Չէր հասցրել հայ հասարակությունը զմայլվել նրանով, որ խորհրդարանի պատգամավորները սովորել են բառերի հականիշներ գտնել, տեղի ունեցավ կոկորդիլոսների ու նրանց ձվերի պատմությունը։ Վերջին շրջանում դրական զգագացողություններին կարոտած մարդիկ կարգին ուրախացան, և հիմա հայկական կոկորդիլոսների մասին էպոսներ ու ասքեր են հյուսվում։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։
Sputnik

Վերջերս ուրախացանք Հայաստանի խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանով, որը հեռուստաեթերում ուրախ–ուրախ տեղեկացրեց, որ պարզվում է, «խաղաղությունը մի նախապայման է, որի այլընտրանքը պատերազմն է»։ Բուն արտահայտության իմաստը պետք չէ հասկանալ, միևնույն է, չի ստացի, բայց փաստ է, որ տիկին Ղազարյանը հաջողությունների է հասնում բառագիտության մեջ` սովորելով գտնել բառերի հականիշներ։

Մասնագետներն անհանգստացած են. կոկորդիլոսը կարող է Հայաստան բերել էկզոտիկ հիվանդություններ

«Խաղաղություն» - «պատերազմ». թեև կարելի էր խորհրդակցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որն առաջինն էր սկսել հականիշների խաղը և բոլորին բաժանել «սևերի» ու «սպիտակների»։ Բայց, բավական ուրախանալով, կարելի է և գործով զբաղվել, այլ ոչ թե այդ բառի հականիշով։

Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ–որ մեկը խոսում էր հարյուրավոր հայ ընտանիքների մասին, որոնք պատրաստ են վերադառնալ Հայրենիք, պարզապես Լոս Անջելեսի օդանավակայանում առկախել են գալուստը և սպասում են քվեարկության արդյունքներին։

Այդ ընտանիքներն այդպես էլ մնացել են օդանավակայանում, հավանաբար, հիմա էլ սպասում են տնտեսության թռիչքային աճին։

Միաժամանակ, Տանզանիայի դրամական միավորը` տանզանական շիլինգը, համարժեք է 100 տանզանական ցենտի։ Իսկ ի՞նչ կապ ունի շիլինգը, կհարցնեք։ Հենց շիլինգային ներդրումներն են խոստանում դառնալ այն կատալիզատորը, որը վերջապես կակտիվացնի երկար սպասված տնտեսական թռիչքի քիմիական ռեակցիան։ Մեր տնտեսությունն անհամբեր սպասում է թռիչքի, բայց շիլինգներ դեռ չկան։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, կաթիլային ճանապարհով ոռոգելով 40 հազար ինչ–որ բան (հետո կարճատև հարցաքննությունը պարզեց, որ թիվը ոչ թե 40, այլ 10՝ առանց հավելյալ հազարի հեկտար է), ձեռնամուխ էր եղել կոկորդիլոսների բուծմանը: Բայց, արի ու տես, լուսավոր ապագային տանող ճանապարհին տեղի  ունեցավ անախորժություն. ոչ մի կերպ չեն կարողանում դասակարգել կոկորդիլոսի ձվերը։

Ավելի ճիշտ՝ հասկանալ, ձվերն այդ թռչնի՞ են, թե՞ կենդանու։

Լավ է, որ դեռ ոչ մեկի մտքով չի անցել բիզնեսի համար բադակտուցներ կամ ավստրալական եքիդնաներ ներկրել. այդ ժամանակ մեր մաքսային կենսաբանները կիմանային, թե ինչ է իսկական գլխացավանքը, իսկ անքուն աշխատանքային գիշերներին կոկորդիլոսներին կհիշեին որպես քնքուշ գազանիկներ։

Սոցցանցերի տեղական սրամիտներին միայն առիթ տաս. կատակներին, սրախոսություններին, մեմերին և անեկդոտներին վերջ չի լինի։

Իսկ այդ ընթացքում կպարզվի, որ կոկորդիլոսների հետ կապված իրավիճակը բոլորովին ծիծաղելի չէ. եթե Արարատի մարզում կոկորդիլոսի ֆերման լուրջ գաղափար է, այլ ոչ թե ինչ–որ մեկի թրոլինգը, ապա այստեղ շատ անհասկանալի բաներ կան։

Բանն այն է, որ պետք չէ գլուխ ջարդել կոկորդիլոսների ձվերի դասակարգման վրա, որովհետև գոյություն ունի մի հետաքրքիր փաստաթուղթ` CITES կոնվենցիա։ Դա անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների ու բույսերի տեսակների միջազգային վաճառքների մասին կոնվենցիա է (Convention of International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora)` ստորագրված Բնապահպանության միջազգային միության բանաձևի (IUCN) հիման վրա 1973թ–ին Վաշինգտոնում։

Կոկորդիլոսաբուծարան հիմնելու թույլտվություն բնապահպանության նախարարությունը չի տվել

Գոյություն ունի CITES հավաստագիր. այդ փաստաթուղթը, որը ձևակերպվում է կոնվենցիայի համաձայն, Հայաստանում տրամադրում է Բնապահպանության նախարարությունը։ Եվ առանց դրա ոչ մի հազվագյուտ կենդանի չի կարող հատել երկրի սահմանը։ CITES հավաստագիրը կիրառվում է նաև ձկների, ձկնկիթի, կաշվի արտահանման դեպքում։ Ցանկացած նման գործարք պետք է համապատասխան թույլտվություն ունենա` CITES լրացված բլանկ։

Եթե ոչ մի հազվագյուտ կենդանի չի կարող դուրս բերվել Հայաստանից առանց նման սերտիֆիկատի, ճիշտ այդպես էլ այն չի կարող դուրս բերվել Տանզանիայից։ Կրկնենք` այդ սերտիֆիկատների մասին տեղեկացված է մեր Բնապահպանության նախարարությունը, թեև տվյալ դեպքում ամբողջ հոգսը տանզանական կողմի վրա է, իսկ մեր կողմը կոկորդիլոսի ֆերմա հիմնելու թույլտվություն պետք է տա կամ չտա։

Եվ ոչինչ պետք չէ դասակարգել. վերոհիշյալ կոնվենցիայում այդ ամենը վաղուց արդեն արվել է` և՛ կոկորդիլոսները, և՛ նրանց ձվերը, և՛ նույնիսկ սև ձկնկիթը համարվում է ձկների հազվագյուտ տեսակի ձու։ Իսկ մենք նստած հեծանիվ ենք հորինում։

Ենթադրենք, որ Արարատի մարզպետը չի լսել այդ կոնվենցիայի մասին։ Բայց դրա մասին չի կարող չիմանալ գործարարը, որը պատրաստվում է կոկորդիլոսներ բերել ֆերմա և, երրորդ անգամ կրկնենք, կոնվենցիայի մասին պարտավոր է իմանալ նախարարությունը։ Ահա այդ հանգամանքն էլ ստիպում է ակնթարթորեն լրջանալ, մոռանալ կատակները և համաձայնել, որ իրավիճակը առնվազն տարօրինակ է։

ՊԵԿ-ը պետք է ճշտի` կոկորդիլոսը թռչուն է, թե կենդանի, որ թույլ տա ձու ներկրել. «Ժողովուրդ»

Հարց է ծագում. ինչպես վերաբերվել այս ամբողջ պատմությանը։ Չենք պնդում, որ սա ինչ–որ խարդախություն է, բայց փաստ է, որ ինչ–որ անհասկանալի բան է կատարվում։ Դեռ հայտնի չէ` Տանզանիան տեղյակ է արդյոք, որ այնտեղից պատրաստվում են դուրս բերել կոկորդիլոսներ` իրենց ձվերով։

Բացի այդ, կոկորդիլոսներ արտահանող երկրի ընտրությունը որոշակի մտորումների տեղիք է տալիս։ Տանզանիայի անունն առաջին անգամ չէ, որ շոշափվում է տարօրինակ պատմությունների խրոնիկայում։ Հիշենք Վարդանյան եղբայրներին, որոնց 2016թ–ին ձերբակալել էին կապիկ բերելու փորձի ժամանակ։ Այդ պատմությունը հաջող ավարտ է ունեցել։ Դե ինչ, համարենք, թե սա պարզապես զուգադիպություն է։

Կենսաբանները, բնապահպանները լռում են։ Իսկ նրանք, ովքեր չեն լռում, նշում են մեծ բարդությունների մասին, ընդհուպ մինչև Հայաստանում կոկորդիլոսներ բուծելու անհնարինությունը։

Դրանք ջերմասեր արարածներ են, ձմռանը նրանց տաքացնելը շատ թանկ կարժենա, նրանք շատ զգայուն են ջրի հանդեպ, որում ծնվել են և ապրել։ Գործարարները կարո՞ղ են բեռնատար ինքնաթիռներով ջուր բերել տանզանական լճերից կամ, եթե նեղոսյան կոկորդիլոսներ են՝ Նեղոսից։

Մի խոսքով` կոկորդիլոսների հետ կապված հարցերը շատ են, և դրանք բոլորովին ծիծաղելի չեն։ Իսկ եթե դրանք դատարկ խոսակցություններ են` չհիմնավորված գործնական մտադրություններով, ապա ավելի լավ կլինի, որ բոլոր գործող անձինք զբաղվեն իրական գործով։