Ինա Գրիգորյանն ու Սյունե Ղազարյանը շների համար «Ագարակ» ապաստարանն են հիմնել։
Այստեղ մոտ քառասուն շուն է ապրում։ Նրանք հազվադեպ են կռիվ անում, սակայն երբեմն միմյանց դաստիարակում են։ Ավելի հանգիստ Լեսին սովորեցնում է աշխույժ Ջոլիին անիմաստ չվազել ու հողի տակից ամեն ինչ չփորել։ Իսկ Վարվառան սովորել է ծիծաղելի հաչել ու փորձում է սովորեցնել շուրջը վազող Պեպիին. դեռ ապարդյուն։
Փոքրիկ Ապելսինն ու Դուդուն ընդամենը երեք ամիս առաջ են ծնվել։ Նրանք իրենց տիրոջն են սպասում։ Հաշվի առնելով` ինչ գեղեցիկ մռութներ ունեն, երկար չեն սպասի։ Պուշկինը, որին հենց Պուշկինի փողոցից են գտել, ոչ ոքի չի սպասում ու ցուցադրական արհամարհանքով հսկում է տարածքը։ Թեդի անունով սպիտակ շունը հանգիստ ու անվրդով է. իրեն հունից հանելու կամ տխրեցնելու փորձերը դատապարտված են։ Նա այստեղ ամենաբարին է, այդ պատճառով նրան փափուկ արջուկի անունն են տվել։
Երկու տիրուհիներն էլ սիրում են կենդանիներին ու մտադիր են ապաստարանը վերածել մեծ նախագծի, որտեղ կլինի անտիկաֆե, շների հյուրանոց, կատուների անկյուն, ձիեր և այլն։ Գաղափարներ շատ կան ու բոլորն ուղղված են բնության մեջ մարդու ներդաշնակ ապրելուն։