«Քարդաշյանների բոլոր կանայք պետք է շքեղ մեքենաներ ունենան». անակնկալներ Չիկագոյի համար

Լուսանկարիչը հասցրել է որսալ Չիկագոյի չարաճճիությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Փետրվարի 15-ին Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգի կրտսեր դուստրը` Չիկագոն, մեկ տարեկան կդառնա։ Հեռուստաաստղն ու նրա ռեփեր ամուսինը, ընտանեկան ավանդույթի համաձայն, փոքրիկի ծննդյան օրվա կապակցությամբ տոնակատարությունն են կազմակերպել նախապես։

«Փոքրիկս` Չիկագոն, մեկ տարեկան է դառնում, և մենք նրա համար թեմատիկ երեկույթ կազմակերպեցինք` տեղափոխելով նրան Ալիսայի աշխարհ», – գրել է Քիմն Instagram–ի իր էջում։

Ամուսինները Հիդեն Հիլզի առանձնատունն իսկական հեքիաթի են վերածել` զարդարելով Լուիս Քերոլի «Ալիսայի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործության ոճով։ Քիմ Քարդաշյանը Չիկագոյին մետաքսե սպիտակ զգեստ ու սև կոշիկներ է հագցրել, գլխին էլ գունավոր փուչիկներով թագ դրել։

Խնջույքի լուսանկարները կարող եք դիտել` թերթելով այս հոդվածում հրապարկված լուսանկարները։

Չիկագոն, սակայն, նորաձև մոր մտահղացումն ակնհայտորեն չի գնահատել և զգեստն ամբողջությամբ կեղտոտել է քաղցրավենիքով, իսկ լուսանկարիչը հասցրել է որսալ երեխայի փոքրիկ չարաճճիությունների կադրերը։ Քարդաշյանը, իհարկե, չի հապաղել սոցցանցում տեղադրել լուսանկարները։

Նշենք, որ օգտատերերին հիացրել է ոչ միայն բուն երեկույթը, այլև դեկորացիաներն ու հեքիաթի հերոսներին մարմնավորած դերասանները։

Ըստ պարբերականների` Չիկագոյի համար ամենատպավորիչ նվերը եղել է վառ դեղին «Մերսեդեսը», որը նրան նվիրել է մորաքույրը` Քորթնի Քարդաշյանը։ Խաղալիքը նման է Քիմի իսկական ավտոմեքենային։ Քորթնին հայտարարել է, որ Քարդաշյան ընտանիքի կանայք պետք է շքեղ ավտոմեքենաներ ունենան։

Սոցցանցերի օգտատերերը քննարկում են նաև Քիմի կերպարը երեկույթի ժամանակ։ Ռեալիթի շոուի աստղը մոխրագույն լեգինս է հագել, երկար գուլպա և one size բաճկոն։ Բյութի–բլոգերի երկրպագուները իրենց կուռքի հասցեին հաճոյախոսություններ են շռայլել։

Հիշեցնենք` վերջերս ռեալիթի շոուի 38-ամյա աստղը խոստովանել էր, որ շուտով Քանյեն և ինքը չորրորդ երեխան կունենան։ Աստղային զույգի որդուն լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։