Գերմանական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանում նոր նախաձեռնությունների իրականացմամբ

Քյոլնում Փաշինյանը հանդիպել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն  մեկնարկել է Քյոլն քաղաքից։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային:

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Գերմանիա

ՀՀ վարչապետը նշել է` KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, որի հետ համագործակցության շրջանակում ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում են մի շարք ծրագրեր: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է 2018թ. նոյեմբերին KfW բանկի հետ ստորագրված «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը` 23,208,483.13 եվրո ընդհանուր արժեքով, որը մեր տարածաշրջանում այս ոլորտի ամենանշանակալի ծրագրերից մեկն է:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում այդ ոլորտը բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանեցնելը կառավարության կարևոր առաջնահերթություններից է և ուրախալի է այդ գործում, ի դեմս Գերմանական զարգացման բանկի, ունենալ նման վստահելի դաշնակից:

KfW-ի տարածաշրջանային տնօրենն իր հերթին նշել է` Հայաստանը կարևոր գործընկեր է Գերմանական զարգացման բանկի համար, որի հետ համատեղ արդյունավետ ծրագրեր են կյանքի կոչվում: Գոհունակություն հայտնելով մեր երկրի տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության ընթացքից` Օ. Զիմելկան ավելացրել է, որ Հայաստան-KfW գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական կապերի զարգացմանը, և բանկը հետաքրքրված է նոր նախաձեռնությունների քննարկմամբ ու իրականացմամբ:

ՀՀ վարչապետը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային տնտեսության և ջրամբարաշինության ոլորտներում ներկայիս ծրագրերի ընթացքը, ինչպես նաև մտքեր փոխանակել հեռանկարային այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: