Բեռնափոխադրողներն անհանգստացած են հարկերից, իսկ Ֆիննախը հայտարարում է՝ դրանք կնվազեն

Միջազգային բեռնափոխադրման ծառայություն մատուցող գործարարներն անհանգստացած են հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխություններից։ Ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ դրանք հօգուտ բիզնեսի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանցի բեռնափոխադրողներն անհանգստացած են։ Նրանց խոսքով, սահմանված հարկային բեռն իրենց մի քանի տարի հետո հասցնելու է սնանկացման։

Իրենց այս մտահոգությամբ այսօր` հունվարի 31-ին, բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները հավաքվել էին կառավարության շենքի մոտ` հանդիպում պահանջելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ:

Կառավարությունը կրճատում է էներգետիկ ոլորտի գիտահետազոտական հիմնարկների թիվը

«2018թ. հունվարի 1-ից գործող հարկային օրենսգրքի դրույթների հետ կապված քննարկում ենք ուզում: Մենք այս հարցը բարձրացրել ենք 2016թ-ից հետո, երբ հարկային օրենսգիրք էր մշակվում: Այդ ժամանակից տարբեր պետական մարմինների հետ նամակագրությամբ փորձում ենք հասնել ընդհանուր հայտարարի»,- լրագրողներին ասաց հավաքվածներից մեկը։

Բեռնափոխադրողները հայտնեցին, որ մինչ հարկային նոր կարգավորումներն իրենք աշխատել են հաստատագրված վճարով, հիմա` ընդհանուր հարկման դաշտում։

«Այսպես աշխատելու դեպքում մենք ծախսերի փաստաթղթային ձեւակերպումների ու դրանց ճանաչման լուրջ խնդիր ենք ունենում։ Օրինակ` վառելիքը լցնում ենք կտրոններով, որոնց ճանաչման լուրջ խնդիր կա»,– ասաց նա` հայտարարելով, որ իրենք իրականում վնասով են աշխատում։

«Եթե այսպես շարունակվի, բոլորը կփակվեն, մոտ 5000 մարդ գործազուրկ կմնա»,– հայտարարեց բեռնափոխադրողը։

Բեռնափոխադրողների բարձրացրած խնդրով Sputnik Արմենիան դիմել է Ֆինանսների նախարարություն։

Հայաստանի իշխանությունը «մաֆիային չի սատարում». նոր օրենքը կօգնի հսկել հանքերի շահույթը

«Միջազգային բեռնափոխադրման ծառայություն մատուցողների կողմից արտերկրում կատարվող ծախսերի փաստաթղթավորման նկատմամբ պահանջները սահմանում է Կառավարությունը, այսինքն՝ նշյալ սուբյեկտների մասով կիրառվելու են արտերկրում կատարվող ծախսերի փաստաթղթավորման առանձնահատուկ մոտեցումներ»,– մեր հարցմանն ի պատասխան հայտնում են Ֆիննախից։

Միաժամանակ, ըստ նախարարության` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է որոշակիորեն նվազեցնել ճանապարհային հարկի դրույքաչափերը՝ դրանք մոտարկելով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սահմանված դրույքաչափերին:

Ինչ վերաբերում է օրենքի նախագծով նախատեսված փոփոխություններին, ըստ ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքի` եթե գործող օրենքով 20-25 տոննա  զանգվածով ավտոմեքենաներն այժմ տարեկան վճարում են 120 000 դրամ, ապա օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է տարեկան 86 000 դրամ։ 25-30 տոննա զանգվածով ավտոմեքենաների դրույքաչափերը տարեկան 240 000–ից նախատեսվում է նվազեցնել 185 000 դրամ, 30- 35 տոննա զանգվածով ավտոմեքենաներինը 360 000–ից` 288 000-ի, իսկ 35 տոննան գերազանցող ավտոմեքենաներինը 480 000–ից` 408 000։

Իսկ մինչև 20 տոննա զանգվածով ավտոմեքենաների տարեկան դրույքաչափը կմնա անփոփոխ։ Ըստ ֆիննախի տեղեկանքի` դրանք և՛ հիմա, և՛ հետագայում ազատված են լինելու տարեկան վճարումներից։