Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա դատարանում. փաստաբանը տեքստին ծանոթ չէ

ՀՀ երկրորդ նախագահն անձամբ է գրել իր ելույթը։ Փաստաբանը վստահեցնում է, որ դրան ծանոթ չեն, տեքստի վրա չեն աշխատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ներկայացել է դատարան, պատահականություն չէ։ Ինչպես դատական նիստի ընդմիջմանը լրագրողների ն հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը, Քոչարյանը պատրաստվում է ելույթ ունենալ դատարանում։

«Եթե այսօր ավարտենք բողոքը ներկայացնելը, պարոն Քոչարյանն ամենայն հավանականությամբ կհասցնի ելույթ ունենալ»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանը հայտնեց նաև, որ իր պաշտպանյալի պատրաստած ելույթի տեքստին ծանոթ չէ. այն գրել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ այսօր դատական նիստում Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ իրենց բողոքը։

Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է դատարան. քննարկվում է կալանքի հարցը

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նախապես կարծիք էր հայտնել, որ դատական նիստն այսօր կարող է ավարտվել միայն այն դեպքում, եթե կողմերը համաձայնեն աշխատել աշխատանքային ժամի ավարտից հետո։

Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել էր հունվարի 29-ին։ Դատական առաջին նիստում Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին իրենց բողոքը, իսկ մեղադրանքի կողմը դատարանին խնդրել էր ժամանակ տրամադրել դրան ծանոթանալու և հակափաստարկներ ներկայացնելու համար:

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: