Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է դատարան. քննարկվում է կալանքի հարցը

ՀՀ Վերաքննիչ դատարանում քննարկվում է Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում է։ Նա մասնակցում է դատական նիստին, որի ընթացքում քննարկվելու է իր նկատմամբ կիրառված կալանավորումը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բերված բողոքը։

Ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Մարտի 1-ի մասին ֆիլմի հետ. տեսանյութ

Դատական նիստից առաջ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե դատական նիստն այսօր կավարտվի, քանի որ այսօր դեռ նոր բողոք պետք է ներկայացվի։

«Ինչպես տեղեկացված եք երկու բողոք է ներկայացվել՝ մեկը ներկայացվել է Առաջին ատյանի հրապարակման օրը, երկրորդ բողոքը դեռ պետք է ներկայացվի: Դրանից հետո պետք է լսենք առարկությունները, որից հետո դատարանը պետք է գնա խորհրդակցական սենյակ»,- ասաց Օրբելյանը:

Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել էր հունվարի 29-ին։ Դատական առաջին նիստում Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին իրենց բողոքը, իսկ մեղադրական կողմը դատարանին խնդրել էր ժամանակ տրամադրել դրան ծանոթանալու և հակափաստարկներ ներկայացնելու համար:

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ և մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: