Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձինք թալանել են «Նոր Զովք» սուպերմարկետը

Դիմակավորված անձինք սուպերմարկետի օպերատորից հափշտակել են ավելի քան մեկ միլիոն դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երկու անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու փախել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 30-ին, ժամը 23։20-ի սահմանում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անձինք նշված սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ։

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։