«Նաիրիտը» կվերագործարկվի՞. նախարարը հաստատեց` գործարանով հետաքրքրված ներդրողներ կան

Հայաստանի կառավարությունը քննարկում է «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը։ «Նաիրիտով» հետաքրքրված է նաև չինական ընկերությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. «Նաիրիտով» հետաքրքրվող ներդրողներ կան, և կառավարությունն էլ նրանց հետ քննարկել է գործարանի վերագործարկման խնդիրը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մենք ունեցել ենք քննարկումներ այն անձանց հետ, որոնք հանդես են գալիս վերագործարկման նախաձեռնությամբ։ Կան տեսակետներ, բայց դրանք շատ վաղ շրջանում են։ ասել, թե կա ներդրումային առաջարկ, մի քիչ շատ կլինի, բայց այդ քննարկումները մասնագիտական շատ բարձր հարթության վրա են»,– ասաց նախարարը։

«Նաիրիտով» հետաքրքրված ներդրողը, նախարարի խոսքով, տիրապետում է խնդրին, ունի և՛ տեխնոլոգիական, և՛ կազմակերպական հստակ փորձառության։ Բայց թե ով է պոտենցիալ ներդրողը, նախարարը չցանկացավ բացահայտել, հայտնեց միայն, որ խոսքը մամուլում շրջանառող չինական ընկերության մասին չէ։

Ինստիտուտի փոխարեն հյուրանոց. ո՞վ կհարստանա «Նաիրիտ 2»–ի վաճառքից

Թեև չինական կողմը ևս հետաքրքրված է հայաստանյան կաուչուկի արտադրությունը վերականգնելու հարցում։ Բայց չինական ընկերության հետ նախարարությունում քննարկումներ այս փուլում դեռ չեն եղել։

«Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսության զարգացման բոլոր նախաձեռնությունները, եթե միայն դրանք իրատեսական են»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ իշխանությունը «Նաիրիտը» վերագործարկելու որոշում կկայացնի միայն առարկայական, հաշվարկելի ծրագրի առկայության պարագայում։ Իսկ այդպիսին այս փուլում դեռ չկա։

Անդրադառնալով «Նաիրիտի» նկատմամբ այսօր ընթացող սնանկացման գործընթացին` Խաչատրյանն ասաց, որ վարույթը կասեցնելու գործում կառավարությունը դերակատարություն չունի։ Դա զուտ իրավական գործընթաց է։

«Սնանկացման գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` կան պարտատերեր, կան դատարանի որոշմամբ սնանկացման վարույթը սպասարկող կազմակերպիչներ։ Դատարանը կասեցնել–չկասեցնելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի կողմերից մեկի նախաձեռնությամբ»,– ասաց նախարարը։

Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում

«Նաիրիտի» համակարգող խումբը մամուլում ահազանգել է, որ շուրջ 10 օր է՝ գործարանի տարածքում Չինաստանից ժամանած անձինք են շրջում։ Նրանց խոսքով` չինացի ներդրողներին ուղեկցում է «Նաիրիտի» նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ է։

Երևանի «Նաիրիտ» գործարանը` խորհրդային շրջանի քիմիական հսկան, գործել է մինչև 2000-ականների վերջը և եղել է աշխարհում քլորոպրենային կաուչուկի խոշորագույն արտադրողներից մեկը։

2003-ին Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով՝ «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ի հիմքի վրա ստեղծվեց քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը (գործում է Չինաստանում), որտեղ հայկական կողմի բաժնեմասը 40% է։

Իսկ «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 90%-ը 2006-ին վաճառվեց «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը։ Տնտեսական ճգնաժամի պատճառով 2008-ին «Նաիրիտի» աշխատանքը դադարեցվեց։ Վերագործարկման բոլոր ծրագրերն ու խոստումները մինչ օրս մնացել են անկատար։