ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու և նոր քննության ուղարկելու մարտիմեկյան գործերով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հաղորդագրության համաձայն`մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացված որոշումը կվերանայվի նոր հանգամանքների համատեքստում։
Գոռ Աբրահամյանը հիշեցնում է, որ 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան Ազատության հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:
Հետագայում Վերաքննիչ քրեական դատարանն առաջին ատյանի դատարանի վճիռը թողել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանն առանց քննության էր թողել պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը:
Այսպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 000 դրամ տուգանքի։
2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել էր Սաղաթելյանի նկատմամբ թույլ տրված իրավունքների խախտումները և ՀՀ–ին պարտավորեցրել տուժողին որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 15 600 եվրո և ևս 5 000 եվրո՝ դատական ծախսերի համար:
ՄԻԵԴ որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին: ՀՀ կառավարությանը 3 ամիս ժամանակ է տրվել ՄԻԵԴ վճիռը կատարելու համար։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ միջնորդելով բեկանել 2008-2009թթ. ընթացքում Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ երեք ատյանների կողմից կայացրած որոշումները և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։