ՌԱԴԻՈ

Մկրտչյան. «Քաղաքացիներից շատերը չեն կարողանա օգտվել փաստաբանների ծառայություններից»

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ խորհրդական Գևորգ Մկրտչյանը խոսում է առաջարկվող փոփոխության մասին, ըստ որի` իրավաբանական ծառայությունները պետք է հարկվեն ԱԱՀ–ով։
Sputnik
Մկրտչյան. «Քաղաքացիներից շատերը չեն կարողանա օգտվել փաստաբանների ծառայություններից»

Մկրտչյանը նշում է, որ փաստաբաններին զրկում են շրջանառության հարկով հարկվելու հնարավորությունից և անցում են կատարում ավելացված արժեքի հարկի դաշտ։

«Այդ պայմաններում առաջանալու է նաև շահութահարկի հարցը։ Խնդիրը միայն այն չէ, որ իրավաբանների հարկային բեռն է ավելանալու, այլև այն, որ իրավաբանների ծառայություններից օգտվում են քաղաքացիները, և այդ հարկային բեռը իրավաբանները ստիպված կլինեն դնել ծառայության արժեքի մեջ»,– ասաց նա։

Փաստաբանի խոսքով` քաղաքացիներից շատերը չեն կարողանա օգտվել փաստաբանների ծառայություններից։

«Թեև մենք ունենք հանրային պաշտպանի ինստիտուտ, անվճարունակ անձինք կարող են դիմել այդ գրասենյակ, բայց կլինեն մարդիկ, որոնք չեն ընդգրկվում այդ կատեգորիայում։ Օրինակ` ուսուցիչները, որոնք ստանում են 70-80 հազար դրամ աշխատավարձ, և նրանք չեն կարող ընդգրկվել հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների ցանկում»,– ասաց նա։

Մկրտչյանի խոսքով` առաջարկվող փոփոխության իրականացման դեպքում այդ մարդիկ կզրկվեն նաև վճարովի ծառայություններից օգտվելու հնարավորությունից։

Հիշեցնենք` ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի` փաստաբանները ընդհանուր հարկման ռեժիմ են տեղափոխվելու և 5% շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու: