ԵՐԵՎԱՆ, 31 հունվար — Sputnik.«Առավոտի» տեղեկություններով, նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը:
«Խուզարկությունը տեւել է մի քանի ժամ: Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով:
Հիշեցնենք, այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը»,-գրել է «Առավոտը»:
Գագիկ Ծառուկյանի խոսնակը, Facebook-ի գրառմամբ հերքել էր Նվեր Ծառուկյանի մասնակցությունն այս միջադեպին:
«Առավոտը» փորձել է Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին տեղեկությունը ճշտել ՀՀ քննչական կոմիտեից:
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ այդ գործով մոտ 30 խուզարկություն է իրականացվել, բայց չհստակեցրեցին Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության փաստը: