ԱՄՆ հայկական դպրոցների տարածքում թուրքական դրոշներ են շարել

Ամերիկահայ համայնքն անհանգստացած է ԱՄՆ–ում հայատյացության նոր դրսևորումից։ Ամերիկացի կոնգրեսականն արդեն կոչով դիմել է իշխանություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Անցած գիշեր անհայտ անձինք թուքական դրոշներ են տեղադրել ԱՄՆ–ում գործող հայկական ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի տարածքում։ Այս մասին ահազանգում են ամերիկահայ համայնքի ֆեյսբուքյան օգտատերերը։

Վահան Վարդանյանը գրում է, որ սա հանցագործություն է, և որ այն պետք է ազդակ լինի Ամերիկայում բնակվող բոլոր հայերի համար, ովքեր «պետք է էլ ավելի համախմբվեն, որպեսզի սրանց նման ճիվաղներին ցույց տան իրանց տեղը»։

Լոս Անջելեսում 42 տարեկան հայի են սպանել

«Թուրքը, որ 1000 տարի էլ անցնի, որ Ամերիկայում կամ Եվրոպայում էլ ապրելուց լինի, մեկ է`մնում է թուրք»,–գրել է Վարդանյանը։

Մեկ այլ օգտատեր` Սերոբ Աբրահամյանը, ենթադրում է, որ այսպիսով փորձ է արվում վախեցնել դպրոցի աշակերտներին ու հայ համայնքին։

«Նաև ուզում եմ ասել, որ սա սպառնալիք է բոլորիս: Սա նորից ցույց է տալիս` ով է թշնամին և իրեն իսկական երեսն ու գործելաոճը»,– գրում է նա:

Sputnik Արմենիան կապ հաստատեց Սերոբ Աբրահամյանի հետ։ Նա հայտնեց, որ Ֆարեհյան դպրոցի տեսախցիկն արձանագրել է դիմակավորված մեկ տղամարդու։

«Մանուկյան վարժարանը շատ մեծ, բարձր դարպասներ ունի։ Հանցագործները չեն կարողացել ներս մտնել ու դրոշները կախել են դարպասների վրա։ Իսկ Ֆերահյան դպրոցում դարպասները ցածր են, այստեղ կարողացել են մտնել դպրոցի տարածք ու դրոշները հենց դպրոցի բակում են տեղադրել»,– ասաց մեր զրուցակիցը։

Սերոբ Աբրահամյանի խոսքով` հայկական համայնքն այս պահին դեպքի վերաբերյալ հայտարարություն է պատրաստում, որն առաջիկայում կհրապարակվի։

Մինչ այդ կոնգրեսական Բրեդ Շերմանն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Մենք խստորեն դատապարտում ենք վանդալիզմի ու ատելության այս փաստը։ Սա կոնկրետ դաժանություն է այն անձանց ընտանիքների նկատմամբ, ովքեր Ցեղասպանության զոհ են դարձել»։

Կոնգրեսականը նաև հայտնում է, որ դիմելու է տեղական իշխանություններին` հետաքննություն իրականացնելու ու մեղավորներին պատժելու պահանջով։

«Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանը» ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում հիմնվել է 1964 թվականին` Մ. Ֆերահյանի կտակով և Սրբոց նահատակաց եկեղեցու հոգաբարձության հովանավորությամբ։

Վարժարանն այսօր շուրջ 620 աշակերտ ունի։ Հրապարակում է տարեգիրք։ Վարժարանն ունի հիմնադրամներ, որոնցով մրցանակներ են շնորհվում ավարտական դասարանների աշակերտներին։