Երգչուհի Հասմիկ Գրիգորյանն առաջադրվել է «օպերային Օսկարի»

Հասմիկ Գրիգորյանը 35 տարեկանում The International Opera Awards–ի հաղթող է դարձել «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Աշխարհահռչակ երգչուհի, Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Լիտվայից առաջադրվել է հեղինակավոր Միջազգային օպերային մրցանակի (The International Opera Awards), որը ոչ պաշտոնապես անվանում են օպերային «Օսկար»։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցում իր էջում գրել է Գրիգորյանը` հայտարարելով, որ շնորհակալ է և շատ հպարտանում է դրանով։

2017թ–ի մայիսին (35 տարեկանում) Հասմիկ Գրիգորյանը դարձել է The International Opera Awards–ի հաղթող «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում։ 2005թ–ին արժանացել է «Բեմի ոսկե խաչի» լավագույն դեբյուտի համար, իսկ 2010թ–ին` «Բեմի ոսկե խաչի»` լավագույն կատարման համար։

Հիշեցնենք, որ Հասմիկ Գրիգորյանը ծնվել է Վիլնյուսում` երգիչներ Իրենա Միլկյավիչյուտեի և Գեղամ Գրիգորյանի ընտանիքում։ 2005թ–ից ելույթ է ունեցել որպես Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատար։ Ելույթ է ունեցել Բեռլինի, Քյոլնի, Ռիգայի օպերային թատրոններում։