«Բոլոր աշխատողներն իմ բարեկամներն են». ֆինանսների նախարարը` պարգևավճարների մասին

Հայաստանի ֆինանսների նախարարը մեկնաբանեց գերատեսչության աշխատավարձերի և պարգևավճարների մասին հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ազգականները չեն աշխատում նրա գլխավորած գերատեսչությունում, հետևաբար նրանք պարգևավճար էլ չեն ստացել։ Այդ մասին ֆինանսների նախարարը չորեքշաբթի հայտարարեց լրագրողներին` մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ նա պարգևավճարներ է գրել իր ազգականներին։

ՊԵԿ–ում մթնոլորտը շիկանում է. աշխատակիցը պահանջում է պատասխանատվության ենթարկել ղեկավարին

«Եթե բաշխման մեջ փնտրեք իմ ազգականներին, ապա երկար կփնտրեք։ Բայց գիտեք, թե ես այստեղ որքան վաղուց եմ աշխատում,  ինձ համար այստեղ բոլորը բարեկամ են»,- ընդգծեց նախարարը։

Նա բացատրեց, թե որտեղից է տեղեկություն հայտնվել ֆինանսների նախարարության աշխատակիցների ահռելի պարգևավճարների մասին։

«Մեկն այն է, որ դեկտեմբերին 2 աշխատավարձ են ստանում՝ նոյեմբերն ու դեկտեմբերը։ Օրենքով կա նախատեսված դրույթ՝ ձեր ասած 13-րդ աշխատավարձի հետ կապված։ Նաև օրենքով կա դրույթ, որ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցները կարող են տրամադրվել պարգևավճարներ տալու համար»,- ասաց Ջանջուղազյանը։

Նրա խոսքով` համամասնորեն բոլորի աշխատավարձն աճել է՝ կրտսեր մասնագետից մինչև նախարար։

Պարգևավճարներն արդեն ավելի արդարացի կբաշխվեն. Փաշինյանը բացատրեց` ինչպես

«Եթե ձեզ կոնկրետ իմն է հետաքրքրում, ապա ասեմ, որ իմ վաստակած աշխատավարձը 2017-ի համեմատ աճել է 10 տոկոսով՝ պարգևավճարը ներառյալ։ Միգուցե անհամեստ հնչի, բայց իմ պատասխանատվությունն էլ առնվազն 10 տոկոսով աճել է»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ էին տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ էին ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ էին ստացել։