Հայաստանում տեխանձնագրերի դեֆիցիտ է. «Ժողովուրդ»

Թերթի տեղեկություններով ճանապարհային ոստիկանությունում վարորդների տեխանձնագրերի փոխարեն թուղթ են տալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Պարզվում է` Հայաստանում ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլև մեքենայի հաշվառման վկայագրի՝ տեխնիկական անձնագրի: Հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` գրելով. «Տևական ժամանակ է վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր՝ պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր՝ A4 ֆորմատի թուղթ»:

Ըստ թերթի, վարորդները, որոնք պատրաստվում են մեկնել Վրաստան կամ Իրան, դժգոհում են, որ հաշվառման ժամանակավոր վկայագիրն այդ երկրներում «չի անցնում»։

Մեկնաբանությունների համար «ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանին։ Վերջինը հաստատել է տեղեկությունները՝ ասելով, որ դա պայմանավորված է ներկրվող ավտոմեքենաների աննախադեպ մեծ քանակով, և նախապես պլանավորված պլաստիկ քարտերի քանակը չի բավարարում: