Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանի դիմումը մերժելու որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է քննություն իրականացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումի հիման վրա: Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշման տեքստը։

Ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Մարտի 1-ի մասին ֆիլմի հետ. տեսանյութ

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դիմել էր ՍԴ՝ խնդրելով. «Որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը), 63-րդ (Արդար դատաքննության իրավունքը), 75-րդ (Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը) և 79-րդ (Որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

Սակայն Սահմանադրական դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումը մերժել է, նախ, այն հանգամանքով, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: Նաև՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Ռոբերտ Քոչարյանի որդու և դստեր համար բացառություն են արել

Որոշման մեջ նշվում է նաև, որ Վճռաբեկ դատարանի գործառույթների սահմանման միջոցով սահմանադիրը նպատակ է ունեցել ընդգծելու, որ Վճռաբեկ դատարանը տարբերվում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններից հատկապես նրանով, որ վարույթ չի ընդունում և չի քննում ցանկացած գործ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին միջնորդությունը: