ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո։ Այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն վերածելու հարցին:
«Բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնել է: Ոստիկանության պարագայում նախարարություն ունենալը նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար։ Դրանից բխում է, որ այդ կառույցներն ուղղակիորեն, թե անուղղակիորեն կուսակցականացվելու են», - ասաց նա:
Անդրադառնալով նախարարությունների միավորմանը՝ Փաշինյանն ասաց, որ փորձ է արվում այդ գործընթացը հնարավորինս անցնցում ու սահուն իրականացնել:
Հիշեցնենք` կառավարության կառուցվածքում նախատեսվող փոփոխություններով, ներկայիս 17 նախարարությունների թիվը պետք է կրճատվի 12-ի։ Վերոհիշյալ նախարարությունները կրճատման համար նախատեսվող գերատեսչությունների թվում են։ Նիկոլ Փաշինյանը վերանշանակվելուց հետո այս նախարարություններում նախարարներ չի նշանակել։