Նիկոլ Փաշինյանը բացատրել է օպտիմալացված նախարարության նպատակը

Ի՞նչ խնդիր պետք է լուծի Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը: Նիկոլ Փաշինյանը կոնկրետ օրինակով է պարզաբանել ապագա նախարարության անելիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ և կիսադատարկ դահլիճ: Ֆեյսբուքյան էջում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգից իր տպավորությունն է թողել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գեներալ, թե սերժանտ. ո՞վ կներկայացնի մշակույթի ոլորտը

«Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի։Որովհետև՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետև դրանք արժեք են և ոչ թե ամենօրյա կիրառման և յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդիկ գնան, կամ ընդհանրապես չգնան»,– գրում է նա:

Փաշինյանը նաև հայտնում է, որ ՀՀ իշխանության մշակութային քաղաքականության նպատակը այս համակարգը վերացնելն է։ Ըստ նրա` «նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական ու մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման»:

Իսկ այս ընկալումը վարչապետի համոզմամբ, պետք է սերմանվի դպրոցից, իսկ բարձրացված խնդիրները պետք է լուծի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի  (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) 150 ամյակը։

Հունվարի 29–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգին:Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: