Վրացական դատարանը մերժեց հայկական եկեղեցու հայցը. ի՞նչ ճակատագիր կունենա Թանդոյանցը

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը պատրաստ է վիճարկել Վրաստանի առաջին ատյանի դատարանի որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թբիլիսիի առաջին ատյանի դատարանը մերժել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի հայցը Թանդոյանց հայկական եկեղեցու վերաբերյալ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Դատավորը վճիռ է կայացրել այդ գործով ամփոփիչ նիստում, որը կայացել է հունվարի 24–ին։ Վիրահայոց թեմի հայցն ուղղված էր Վրաստանի պետական ռեեստրի որոշման դեմ, ըստ որի` Սուրբ Աստվածածին (Թանդոյանց) եկեղեցին փոխանցվում է Վրացական ուղղափառ եկեղեցուն։

«Փոխանցումն իրականացվել է առանց գործը պատշաճ քննելու։ Մենք պահանջում էինք չեղարկել ռեեստրի որոշումը, քանի որ այն սխալ ենք համարում», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` դատարանն օրինական է համարել եկեղեցու փոխանցումը վրացական պատրիարքարանին, քանի որ Թանդոյանցը պետական ռեեստրինն էր պատկանում։ Կառույցն իրավունք ուներ եկեղեցին փոխանցել ցանկացած կազմակերպության։

Հայցի մերժման պատճառ է հանդիսացել այն փաստը, որ եկեղեցին, ինչպես Վրաստանի այլ տաճարներ, ԽՍՀՄ իշխանությունները առգրավել էին, այնտեղ 100 տարի ժամերգություն չի անցկացվել, ու Հայ առաքելական եկեղեցին սեփականատեր լինելու իրավունք չունի։

Ի՞նչ աղմուկ է բարձրացել Թբիլիսիի «Սուրբ Նշան» հայկական եկեղեցու շուրջ

Բնականաբար Հայ առաքելական եկեղեցին համաձայն չէ վճռի հետ, պատրաստ է բողոքարկել որոշումը, սակայն միայն այն ժամանակ, երբ կհրապարակվի դատարանի վճռի գրավոր տարբերակը։

«Այդ ամենը բանավոր է ասվել։ Մենք դատարանի որոշումը վերին ատյաններում բողոքարկելու իրավունք ունենք, բայց սպասում ենք գրավոր վճռին։ Օրերս այն կհրապարակվի», – ասաց Խաչատրյանը։

591 քմ մակերեսով տարածքը` մշակութային հուշարձանով, վրացական պատրիարքարանին է հանձնվել 2017թ.-ի հուլիսի 26-ին։

Ավելի վաղ վրացական Պատրիարքարանը հայտարարել էր, թե Թանդոյանցի տեղում ուղղափառ եկեղեցի է եղել։ Որպես ապացույց նրանք ներկայացնում են վրացերեն գրություններով տապանաքարերը։ Հայ առաքելական եկեղեցին արդեն հերքել է դա` նշելով, որ XVIII դարում Թանդոյանց եկեղեցու տեղում գերեզմանատուն է եղել, իսկ այն ժամանակ գերեզմանատները հայկականի ու վրացականի չէին տարանջատում։

Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1866 թվականին։ Մինչև ԽՍՀՄ կազմավորումը Թանդոյանցը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ 1927թ.-ի օգոստոսի 12-ից եկեղեցու շենքն օգտագործել են հասարակական նպատակներով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եկեղեցին անցել է պետության տնօրինությանը։ Երկար տարիներ Հայ առաքելական եկեղեցին խնդրել է Թանդոյանց եկեղեցին մյուս հայկական եկեղեցիների հետ վերադարձնել իր օրինական տերերին, բայց ապարդյուն։