Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա
2018 թվականի ինը ամիսներին Հայաստանում գործած հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչ կտրուկ է ավելացել ուրիշի ունեցվածքի հանդեպ ոտնձգությունների թիվը։ Բացի այդ, աճել է պետության ու պետականության դեմ ուղղված իրավախախտումների ու հանցագործությունների թիվը։
2018 թվականի հունվար–օգոստոս ամիսներին հանցագործությունների ու իրավախախտումների 14205 դեպք է գրանցվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12488 դիմաց։ Աճի մեծ մասը կապված է ուրիշների ունեցվածքի յուրացման դեպքերի կտրուկ աճի ու պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված հանցագործությունների հետ։
Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է ոստիկանության աշխատակցի հետ, որը աշխատանքի 35–ամյա փորձ ունի։ Սամվել պայմանական անունով իրավապահը մասնավոր սեփականության վրա ոտնձգություն կատարելու հիմնական պատճառ է համարում սոցիալական խնդիրը։ Դրան գումարվում է քրեական աշխարհում ստեղծված ամենաթողության խաբուսիկ տպավորությունը, որն առաջանում է այն բանից, թե ոստիկաններն իբր թե չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։
Սամվելը նման կարծիքը սխալմունք է համարում, խոստովանելով այնուամենայնիվ, որ իրավապահ մարմիններում որոշակի խնդիրներ կան։ Այդ խնդիրը կապված է կադրերի երիտասարդացման հետ ի վնաս ավագ սերնդի գիտելիքների ու փորձի։ Դա կապված է նաև անթույլատրելի բեռնվածության հետ։ Մեր զրուցակիցը պնդում է` կան դեպքեր, երբ քննիչը միաժամանակ 40 գործ է վարում, մինչդեռ նորման 10–11 գործն է։
Օպերլիազորների ու հատկապես թաղայինների ինստիտուտն էլ չի արդարացնում իրեն. այդ ծառայողները պարզապես չեն հսկում իրենց վստահված տարածքները։ Իսկ մեկ քառորդ դար առաջ թաղայինը, որի պատասխանատվության գոտում մինչև 50 շենք կար, անգիր գիտեր ով որ շենքում է ապրում։
Ժամանակները փոխվել են, հասկանալի է, որ հին բնակիչները գնացել են, նրանց փոխարեն նորերն են եկել, այդ թվում` իրանցիներ, հնդիկներ կամ մեր հայրենակիցները, ասեք, Սիրիայից։
Բայց չէ որ նախկինում էլ քաղաքի բնակչությունը կայուն չէր, բնակարանների սեփականատերեր փոփոխման գործընթացն արագացել է, բայց դա տարածքի հսկողությունը կորցնելու հիմք չէ։
Սամվելը կարծում է, որ իրավախախտումների նախականխում է պետք։ Քաղաքում գեղեցիկ ազդանշաններով պարեկային մեքենաների առկայությամբ ոչ մի խնդիր չի լուծվի։ Թե չէ այսօր մի սխալ պրակտիկա նորմա է դառնում. դատախազության աշխատակիցները, պաշտոնյա ոստիկաններն ու քննիչները արդեն տեղի ունեցած հանցագործության վայր են մեկնում ու միայն այնտեղ են միմյանց հետ ծանոթանում։ Դա անթույլատրելի է, քանի որ իրավապահ մարմինների տարբեր օղակներ պետք է մշտապես կապի մեջ լինեն։
Ինչ վերաբերում է հանցագործությունների աճի սոցիալական բաղադրիչին, ապա այն ակնհայտ է։ Օրինակ, տրանսպորտում գրպանահատության դեպքերի ավելացումն ապացուցում է, որ հանցագործը օրվա հացի խնդիր է լուծում։ Նա չի կարող մեծ «որսի» հույս ունենալ. քչերն են մեծ գումարով երթուղային նստում։ Միայն, եթե մարդ նոր է աշխատավարձ ստացել կամ բանկոմատից կանխիկացրել է. բնականաբար հիմարություն է հույսը դնել նման բախտավորության ու զոհի անուշադրության վրա։
Աճի այլ պատճառներ կան. անհասկանալի (այդ թվում` ոստիկանության փորձառու աշխատակցին) վերաբերմունքը նույն ջեբկիրներին։ Սամվելն ասում է, որ նրանց բռնում են ու ստորագրությամբ ազատ են արձակում, չորս անգամ բռնում ու չորս անգամ բաց են թողնում։ Ահա ևս կրկնահանցանքները։
Դեռ վերջերս իրավապահ գերատեսչություններում հատուկ բաժին կար, որը զբաղվում էր տրանսպորտում գործած հանցագործություններով, 35 աշխատակից կար։ Այդ պատճառով արդյունք կար, ու մի ժամանակ հանցագործության այդ տեսակը գրեթե մարել էր։
Բանը հասել է այնտեղ, որ օրը ցերեկով վարկային կազմակերպություն է ներխուժում մի «Ֆանտոմաս», որի մասին գրում են բոլոր կայքերը, լկտի հայտարարություններ է անում, թե իրեն անհնար է որսալ։
Սամվելն ասում է, որ երրորդ մարդու միջոցով գիտի այդ «Ֆանտոմասին». տղան բավականին թանկ մեքենա է վարում, իսկ ընտանիքը բավականին ունևոր է, այսինքն նա կարիքից դրդված չի դիմել հանցանքի։
Իսկ գրասենյակի միլիոնը ավտոբուսում թոշակառուի կամ հասարակ աշխատողի գրպանից գողացած երկու հազար դրամ չէ։
Մեծ աղմուկ է արել Հայաստանի համար աննախադեպ վերջերս հայտարարված համաներումը։ Սամվելը համաներումը ճիշտ միջոց է համարում, ավելին, նա վստահ է, որ այն պետք է հնարավորինս հաճախ կիրառվի։
Խնդիրն այն է, որ համաներման արդյունքում ազատ արձակված մարդկանց հետ պետք է նախնական աշխատանք տանել, ադապտացնել նրանց հասարակության մեջ` քրեակատարողական հաստատության պատերից դուրս ապրելուն, հնարավորինս օգնել նրանց հասարակությանը ձուլվել, ընտանիք վերադառնալ։