Ի՞նչ գիտի իսկական բանգլադեշցին Երևանի Բանգլադեշի մասին. ծանոթ անունով անծանոթ երկիրը

Բանգալդեշցին համոզված է, որ Երևանի «Բանգլադեշի» շենքերի վրա ծածանվում են իրենց երկրի դրոշները։ Sputnik Արմենիայի սյունակագիր Կարեն Ավետիսյանը սեփական աչքերով է տեսել այն երկիրը, որի անունով թաղամաս կա Հայաստանի մայրաքաղաքում։
Sputnik

Վայրեջքի ակնթարթին թվաց, թե օդում թթվածինը փոխարինվեց բանեցված գազերով, օդանավակայանն ասես մի մեծ արտաժայթքման կափույր դարձավ:

Ի՞նչ գիտի իսկական բանգլադեշցին Երևանի Բանգլադեշի մասին. ծանոթ անունով անծանոթ երկիրը

– Պարոն, ես ընդամենը մի քանի կոպեկով պատրաստ եմ «առաջ գցել» ձեր հերթը», - վիզա ստանալու հերթում ականջիս շշնջաց օդանավակայանի աշխատակիցը:

– Ու՞ր է իմ ուղեբեռը, - բողոքեցի ես։

– Ներեցե՛ք, միջատների դեմ քսուք ունե՞ք,–հարցրեց մի տղամարդ։

– Ունեի, բայց մնացել է ճամպրուկիս մեջ,– աջ ձեռքը ձախով քորելով պատասխանեց տիկինը:

– Բանգլադեշը ողջունում է Ձեզ, - հայտարարեց օդանավակայանի ժպտադեմ հյուրընկալը:

«Բարի գալուստ 3-րդ աշխարհ»,– մտքումս նրան ուղղեցի ես` քաջ գիտակցելով, որ ոտք եմ դրել երկիր, որն ամբողջ Երկիր մոլորակում առաջատար դիրք ունի աղքատության, օդի և շրջակա միջավայրի աղտոտվածության,
կոռուպցիայի, խտաբնակեցվածության, ճանապարհային խցանումների, կյանքի տևողության և բոլոր այլ հնարավոր բացասական չափորոշիչներով ու ինդեքսներով:

«Ժողովրդավար» երթևեկություն

Հյուրանոց տանող 38 կիլոմետրանոց ճանապարհը տևեց 3 ժամ. ճանապարհային երթևեկության կանոնների մասին այստեղ այլ պատկերացում ունեն. Բանգլադեշի փողոցներում անդադար աղաղակում են մեքենաները, լուսացույցի կարմիր լույսը կամ զոլավոր անցուղին բացառապես ձևական բնույթ ունեն, անկոտրում վարորդին միայն կարող է կանգնեցնել մարդու հայտնվելը անմիջականորեն մեքենայի դիմաց, այն էլ ՝ ոչ միշտ:

Ի՞նչ գիտի իսկական բանգլադեշցին Երևանի Բանգլադեշի մասին. ծանոթ անունով անծանոթ երկիրը

Տեղացի ուղեկցորդը պատմեց, որ անցյալ տարի այս նույն օրերին մայրաքաղաք Դաքքայի փողոցները լցված էին ուսանողների հոծ բազմությամբ, քանի որ մի քանի ուսանողներ նույն օրում անկանոն փողոցային երթևեկության հետևանքով վրաերթի էին ենթարկվել: Ուսանողները կառավարությունից պահանջում էին երթևեկության խիստ կանոններ գործարկել: Ու թվում էր, թե քաղաքացիական շարժումը պետք է հասներ արդյունքի, այն էլ նման տարրական պահանջի դեպքում, բայց տեղի ունեցավ անսպասելին՝ մի քանի օր անց Դաքքայում երթևեկությունը «կանգնեց». փողոց դուրս եկան վարորդները` սպառնալով կարգուկանոնի հաստատման դեպքում հրաժարվել մեքենա վարելուց, իսկ դա նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա հասնել Ա կետից Բ կետ՝ աշխատանքի, հիվանդանոց, դպրոց, շուկա և այլ՝ առաջին անհրաժեշտության վայրեր: Կառավարությունն էլ կուլ գնաց վարորդների պահանջներին, քանի որ ուսանողների թիվը տասնյակ հազարների էր հասնում, իսկ վարորդներինը՝ հարյուր հազարների:

Մինչ մենք՝ պատմության ունկնդիրներս, ապուշ կտրած լսում էինք այս պատմությունը, ուղեկցորդին սփոփում էի միայն այն միտքը, որ իրենց երկիրը որդեգրել է ոչ թե տոտալիտար, այլ ժողովրդավարական ուղի՝ թեկուզև նման տմարդի և ապշահարույց դրսևորումներով:

«Սևերի» ու «սպիտակների» բաժանում

Տեղ հասնելուն պես, մեքենայի դուռը բացեց հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակիցը ու մինչ ձեռք մեկնելով օգնեց ինձ իջնել ավտոմեքենայից, մյուս աշխատակիցները շարքով զգաստ կանգնած, ձիգ պարզած ձեռքերը տանելով քունքներին սկսեցին հերթով մեզ պատվի առնել:

Հետո մոտեցավ մի աղջնակ խնդրելով մի փոքր գլուխներս կռացնել:

Ի՞նչ գիտի իսկական բանգլադեշցին Երևանի Բանգլադեշի մասին. ծանոթ անունով անծանոթ երկիրը

Մեզանից ամենաեսակենտրոնն ու փառապաշտը չէր կարող անգամ պատկերացնել, որ աղջնակը պատրաստվում էր ծաղկեպսակով պարուրել մեր պարանոցը:

Քիչ անց պարզվեց, որ այդ «պաշտամունքի» դրսևորումների պատճառը միմիայն մեր մաշկի գույնն է:

Ընդամենը մի քանի տասնամյակ բրիտանական գաղութացումից անկախացած Բանգլադեշի ժողովուրդն ազատվել է լծից, բայց ոչ մի կերպ չի հաջողել ազատվել հետգաղութական հոգեբանական համախտանիշից:

Անգամ նոր սերնդի ներկայացուցիչներից շատերի մոտ, կարծես, ժառանգական շատ խորքային մակարդակում առկա է առանձնակի ակնածանքն ու խոնարհումը սպիտակի հանդեպ:

Առաջին ոչ մահմեդական հոգևոր կառույցը

230 մ երկարություն, միջանցք, 27 պատուհան, պարուրաձև սանդուղք, 400 հայերի գերեզմաններ, ժամացույցե աշտարակ, որի ձայնը լսվել է 4 մղոն հեռավորության վրա, և մարդիկ իրենց ժամացույցները ուղղում են ըստ այդ ժամի։

Բնավ չզարմացա Բանգլադեշում հայկական եկեղեցու առկայության մասին լսելիս և ոչ միայն այն պատճառով, որ նախօրոք էի տեղեկացել, այլ որովհետև արդեն պարզ է, որ եթե մեկից ավելի հայ ոտք է դնում մի օտար հողի վրա, եկեղեցի է կառուցում:

Այդպես է եղել նաև 18-րդ դարավերջին Բանգլադեշի տարածքում, մի տարբերությամբ, որ նախ հայերը գրանցել են զգալի հաջողություններ առևտրի ոլորտում և, դրա արդյունքում բարելավելով տնտեսական ոլորտը, սեփական կրոնն ազատորեն դավանելու թույլտվություն ստացել Մեծ Մողոլների կայսրության առաջնորդ Աքբար I Մեծից: Այդ իրավունքից օգտվել են հայերը՝ պատմությանը տալով եթե ոչ ճարտարապետական, ապա առնվազն ժամանակագրական առումով աննախադեպ կոթող՝ տարածաշրջանի առաջին ոչ մահմեդական հոգևոր կառույցը, որի պատերի ներքո իրենց հավասարապես հարմարավետ են զգում և՛ առաքելականները, և՛ ուղղափառները, և՛ անգամ մահմեդականները, որոնց համար մուտքի դիմաց փռված է հատուկ գետնաշոր ոտնամանների համար:

Դաքքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր, իսկ ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը:

Ասում են՝ այս տարածաշրջան այցելելիս հայկական եկեղեցում է հանգրվանել ինքը՝ Մայր Թերեզան:

Ակամա հաշմանդամները

Հետդարձի ճանապարհին ուղեկցողը վարորդի ականջին բենգալերեն ինչ-որ բան ասաց, և վարորդը բռնեց մեզ համար անհայտ մի ուղղություն, որտեղ մեկ ժամ անց շատերիս սպասում էր ամենամեծ ապշահարությունը: Հատակին պառկած հարյուրավոր ամենատարբեր տարիքի հաշմանդամ-մուրացկաններ, որոնց կարգավիճակից, առողջական վիճակից և կենտրոնացման տեղանքից զատ միավորում էր անցած միևնույն անգիտակից ճանապարհը:

– Սրանք հաշմանդամ չեն ծնվել, - դառնագին հայացքով ուղեկցողը սկսեց պատմությունը:

Նորածին տարիքում ջարդում են երեխաների ձեռքն ու ոտքը, որպեսզի նրանք մեծանան դեֆորմացված վերջույթներով և փող մուրալու համար համապատասխան արտաքինով:

Այդ ամենը արվում է շատ վաղ տարիքում, երբ երեխան անգամ չի էլ զգում կոտրվածքը, հետևաբար հասունանալիս՝ չի էլ իմանում այլ՝ առողջ ու լիարժեք կյանքի մասին:

Ու հիմա նրանց լիարժեքությունն այցելում է բացառապես շպրտված կոպեկի հետ: Նրանցից շատերը ժպտում էին։ Պատմությունը լսելուց հետո սա մեր տեսած ամենաարցունքաբեր ժպիտն էր:

– Երբ հասնեք ձեր երկիր, գնահատեք այն, ինչ ունեք, - ճանապարհը շարունակելու կոչով հորդորեց ուղեկցողը:

«Բանգլադեշից-Բանգլադեշ»

Բանգլադեշում բոլոր նրանք, ովքեր տեղյակ էին Հայաստանի գոյության մասին, կարող էին չիմանալ ո՛չ Ազնավուրին, ո՛չ Ցեղասպանությունը, ո՛չ Արարատը, ո՛չ էլ անգամ Հայաստանի գտնվելու մոտավոր վայրը, բայց մի բան գիտեին գրեթե բոլորը՝ մեր երկրում կա թաղամաս, որի անունն է Բանգլադեշ: Պատկերացրեք, թե որքան է շոյվում բենգալացու հպարտությունը, երբ իմանում է, որ իր՝ Աստծու կողմից մոռացված երկրի անունով կա մի ամբողջ թաղամաս աշխարհի մյուս «ծայրում»: Ու այդ իրողությունը «փչացած հեռախոսի» նման այնքան է անցել ականջից ականջ, որ հավելվել է անիրական լեգենդներով, որոնցից մեկի մասին լուրջ դեմքի արտահայտությամբ պատմում էր ուղեկցողը։

Ի՞նչ գիտի իսկական բանգլադեշցին Երևանի Բանգլադեշի մասին. ծանոթ անունով անծանոթ երկիրը

– Մենք գիտենք, որ ձեր մայրաքաղաքում կա մի մեծ թաղամաս, որը կոչվում է «Բանգլադեշ»։ Այնտեղ շենքերի վրա ծածանվում են մեր երկրի դրոշները, և մինչ օրս շենքերի պատերին պահպանվել են 70-ականների գրություններ բենգալերենով: Մենք ուզում ենք գումար կուտակել և մի օր անպայման այցելել Երևանի Բանգլադեշ։ Ես այդ ճամփորդությունը ուխտագնացության նման մի բան եմ պատկերացնում, միայն պատկերացրեք՝ Բանգլադեշից-Բանգլադեշ:

Ուշադիր լսեցի ու երկար մտորումներից հետո այդպես էլ չկոտրեցի բենգալացու երազը երևանյան Բանգլադեշի ու բենգալական հիշատակումների բացակայության մասին:

Մտածեցի, որ նրանց դառը իրականության մեջ գուցե նրանց օգնում են հենց պատրանքները, ու թող որ մի փոքր պատրանքն էլ կապված լինի Հայաստանի հետ:

«Բանգլադեշից-Բանգլադեշ»,– ժպտալով կրկնեցի ես` գրկախառնվելով ուղեկցողի հետ, լիաթոք շնչելով այն նույն թթվածնազուրկ օդը, որն այդ պահին անգամ հարազատ թվաց: