ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի զավակներին հնարավորություն է տրվել կալանավայրում հանդիպել հոր հետ։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի նիստի ընդմիջմանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Տեսակցության արգելքն, ընդհանուր առմամբ, գործում է, բայց կան որոշակի բացառություններ, որոնց շրջանակներում որդին և դուստրը, եթե չեմ սխալվում, երկու անգամ այցելել են, և տեսակցություն է տեղի ունեցել»,– ասաց Օրբելյանը։
Իսկ համակարգիչ կալանավայրում Ռոբերտ Քոչարյանին դեռ թույլ չի տրվում ունենալ։ Փաստաբանի խոսքով, խնդիրը և՛ օրենսդրական, և՛ տեխնիկական է։ Պաշտպանական կողմը ներկայացրել է համացանցին միանալու հնարավորություն չունեցող համակարգիչ, որի շուրջ որոշում դեռ չի կայացվել։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի մասին որոշմանը, Արամ Օրբելյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել արդեն կայացված բոլոր որոշումները ներպետական բոլոր ատյաններում։
Արամ Օրբելյանը կարծում է, որ ՄԻԵԴ ներկայացրած 2 ու նոր պատրաստվող 3-րդ դիմումների մասին Եվրոպական դատարանը կընդունի միջանկյալ այնպիսի որոշում, ինչպիսին կայացվեց գործարար Սամվել Մայրապետյանի հայցով` պահանջելով Հայաստանից կասեցնել խափանման միջոցի կիրառությունը։
Վերաքննիչ դատարանում այսօր` հունվարի 29-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը։
Դրանով նրանք բողոքարկում են Քոչարյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին առաջին ատյանի որոշումը։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ և մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: