ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրելը իրավական տգիտություն է։ Այսօր` հունվարի 29-ին,Վերաքննիչ դատարանի նիստից առաջ այս մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Նիստի ընթացքում քննվելու է նախկին նախագահի պաշտպանության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:
Փաստաբանի խոսքով` 2008թ–ին Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից։
Ինչ վերաբերում է մարտի 1-2–ին զինված ուժերում բանակի ներգրավվածության մասին տեղեկություններին, ապա Սահակյանը նշեց, որ մարտի 1–ի երեկոյան բանակին հրամայել են հսկել պետական կառույցների շենքերը։ Մարտի 1–ի կեսօրին ՊՆ մեքենաները եղել են քաղաքում, բայց բանակը ոչ մի գործողություն չի ձեռնարկել։
Հարցին, թե ինչու է որոշվել կալանավորել Քոչարյանին, Սահակյանն ասաց, որ դատարանը քննության կասկածը հիմնավորված է համարել, և Քոչարյանի անձեռնմխելիության մասին փաստարկն այս դեպքում չի գործում։
Նա նշեց, որ նիստի ընթացքում պաշտպանությունը կփորձի պարզել` ինչ կազմով են քննելու նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի մասին հարցը։