ԵԱՏՄ–ում հեղափոխություններ չեն սիրում. Փաշինյանը` միությունում աշխատելու ծրագրերի մասին

Նիկոլ Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ–ի և ՀԱՊԿ–ի գործընկերների հետ գործակցելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ նախագահությունը խորհրդանշական առիթ է կառույցում ավելի եռանդուն աշխատելու և կազմակերպությանը նոր ուժ ու խթան հաղորդելու համար։ ՀՀ վարչապետն այս մասին ասել է ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մեզ համար գլխավորը ԵԱՏՄ–ում առկա արգելքները հաղթահարելն է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվարկներով` հիմա կառույցում 80 խոչընդոտ կար։ Մեր գլխավոր նպատակն է լինելու դրանց մի մասը վերացնելը: Եթե հաջողվի ամբողջությամբ վերացնել, ապա շատ լավ կլինի», – ասել է Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է արդյոք «թավշյա հեղափոխություն» անցկացնել ԵԱՏՄ–ում, Փաշինյանը պատասխանել է, որ կազմակերպության տարածությունում չեն սիրում «հեղափոխություն» բառը։

Խոսելով ՀԱՊԿ–ի մասին` ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի ձայնն ավելի լսելի է դարձել այդ կազմակերպությունում։

«ՀԱՊԿ–ի համար կարևոր է հարցերը քննարկելը, մենք քննարկում ենք կառույցի էությունը, թե ինչ է իրենից ներկայացնում, ինչպիսի պարտավորություններ ունեն երկրները կազմակերպության առաջ և հակառակը։ Եվ ինչպիսի պարտավորություններ ունեն երկրները գործընկերների առաջ։ Երկխոսությունը շարունակվում է», – ասել է նա։