«Իմ քայլի» յուրաքանչյուր նիստը վերածվում է անվերջանալի լեզվակռիվների. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է` «Իմ քայլում» միմյանց զգուշացնում են՝ ինֆորմացիայի արտահոսք թույլ չտալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այնքան մեծ է և անհամատեղելի անձանցից բաղկացած, որ խմբակցության յուրաքանչյուր նիստը վերածվում է անվերջանալի լեզվակռիվների, որի հետևանքով ոչ մի որոշում հնարավոր չի լինում կայացնել։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«Եվ քանի որ խմբակցության ղեկավարի՝ Լիլիթ Մակունցի հանդեպ առանձնապես հարգանք էլ չկա, նիստերին գալիս են մոտ 1 ժամ ուշացումով, չեն լսում նրա խոսքը, ամեն մեկը փորձում է իր խելքը ցուցադրել և շատախոսել»,– նշված է հոդվածում։

Ըստ թերթի` որպեսզի այս վիճակից դուրս գան, «Իմ քայլում» որոշել են վերլուծական-քաղաքական և լրատվական օպերատիվ խմբեր ձևավորել` աշխատանքները կանոնակարգելու համար: Վերլուծական խումբը զբաղվելու է լրատվական քաղաքականության, անհրաժեշտ թեզերի հրապարակայնացման ստանդարտների մշակմամբ, այդ թվում` Ղարաբաղին առնչվող հարցերի։

Մյուս խումբը պետք է հարցազրույցներ տա՝ դրանք մասսայականացնելով: Վերլուծական խմբում են Էդգար Առաքելյանը, Միքայել Զոլյանը, Վիկտոր Ենգիբարյանը, իսկ լրատվամիջոցների հետ աշխատելու է լրագրողների կորպուսը` Հայկ Գևորգյան, Գայանե Աբրահամյան, Թագուհի Թովմասյան, Սիսակ Գաբրիելյան: Ուշագրավ է, որ «Իմ քայլում» ողջ օրը քննարկում-բողոքում են լրատվամիջոցներից և անընդհատ միմյանց զգուշացնում՝ ինֆորմացիայի արտահոսքեր թույլ չտալ։