Պատերազմի վտանգ կա. ՀՅԴ–ն առաջարկում է միավորել ՀՀ–ի ու Արցախի անվտանգության համակարգերը

Հայաստանն ու Արցախը պետք է ռազմաքաղաքական համաձայնագիր կնքեն։ ՀՅԴ–խոսել է իր առաջարկի նպատակների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական դաշինքը կամրապնդի Հայաստանի և Արցախի կապը։ Այսօր` հունվարի 29–ին, ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ղեկավար կազմի ասուլիսի ժամանակ, այս մասին հայտարարեց Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը` ներկայացնելով երկու հայկական պետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիր կնքելու նպատակը։

«Սրա մասին մենք վաղուց ենք հայտարարել ու կոնկրետ քայլեր արել։ Եթե կհիշեք, ժամանակին` նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Վահան Հովհաննիսյանն իր թեկնածությունն էր առաջադրում, մենք խոսել ենք դրա մասին։ Խոսել ենք նաև Ադրբեջանի հետ չհարձակվելու մասին պակտ կնքելու մասին։ Ապրիլյան պատերազմի հետևանքով, երբ մեր այդ առաջարկն ընդունեց նաև օրվա իշխանությունը, հանձնարարվեց ԱԳՆ–ին պատրաստել փաստաթուղթ»,– ասաց Ռուստամյանը։

ՀՅԴ–ի համոզմամբ` նման համաձայնագրի կնքման անհրաժեշտությունն այսօր հասունացել է, որովհետև Ադրբեջանի կողմից նոր պատերազմ հրահրելու վտանգ կա։

Արցախյան հիմնախնդիր. սպասե՞լ արդյոք արագ կարգավորման

«Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Արցախի վրա հարձակումը նշանակում է հարձակում Հայաստանի վրա։ Մեր միասնական անվտանգության համակարգի վերաբերյալ մենք մատնանշել ենք նախորդ բոլոր համագործակցության պայմանագրերում»,– ասաց Ռուստամյանը` պատասխանելով իրենց առաջարկության մասին հնչած տեսակետին, թե ՀՅԴ–ն այդ մասին նոր է հիշում։

Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիր կնքելու առաջարկով ՀՅԴ–ն հանդես է եկել հունվարի 24-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովից հետո։

Իր հայտարարությամբ ՀՅԴ–ն մտահոգություն էր հայտնել վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացման, հակամարտության կողմերի ու միջնորդների արած հայտարարությունների ու քայլերի նկատմամբ։