Ազգային ժողովը ոչ թե ընտրվել է, այլ Փաշինյանն է նշանակել. Շարմազանով

Խորհրդարանի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ 7–րդ գումարման Ազգային ժողովում իրական ընդդիմություն չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը չի ընտրվել, այլ նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց Հայաստանի ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Իմ կարծիքով` խորհրդարանը ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել է Փաշինյանի կողմից։ Իրական ընդդիմություն չկա, և դա փաստ է», – ասաց Շարմազանովը։

Նախկին պատգամավորը նշեց, որ ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ «Բարգավաճ Հայաստանը», որոնք խորհրդարան են անցել Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի հետ, չեն կարող ընդդիմություն համարվել, նրանք չեն քննադատել իշխանություններին, ավելի շուտ աջակցել են դրանց։ Ուստի, ինչպես նշեց Շարմազանովը, 7–րդ գումարման այս խորհրդարանը լիովին աջակցում է Փաշինյանին։

ՀՀԿ ներկայացուցչի կարծիքով` հիմա այլ կուսակցություններ պետք է հանդես գան որպես ընդդիմություն։

Նա նշեց, որ Հայաստանում իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, զբաղված է պոպուլիզմով և չի կատարում նախկինում տված խոստումները։ Որպես հաստատում` նա մի քանի օրինակ բերեց։

Հայաստանը դարձել է «իզգոյ» ՀԱՊԿ–ում. Շարմազանով

Մասնավորապես, խորհրդարանի նախկին փոխխոսնակը հիշեցրեց, որ հեղափոխության օրերին ապագա վարչապետը խոսում էր փողոցների տեսախցիկների առկայության անթույլատրելիության մասին, կողմնակիցների հետ փակում էր դրանք, բայց իշխանության գալուց հետո ոչինչ չի փոխվել։

Մյուս օրինակն էլ կապված էր ահռելի ներդրումներ ներգրավելու խոստումների հետ։ Սակայն Շարմազանովը նշեց, որ 2018թ–ի առաջին եռամսյակում ընդհանուր ներդրումների ծավալն ավելի բարձր էր, քան Փաշինյանի իշխանության օրոք։

Բացի այդ, ՀՀԿ անդամը խոսեց նաև գյուղատնտեսության, մասնավորապես անասնաբուծության ոլորտի անկման մասին։ Շարմազանովն առաջարկեց հարցնել գյուղացիներին, թե ինչ վիճակում է մսի արտահանումը, որի մասին ավելի վաղ խոսում էր Փաշինյանը։