Անանյանը միակը չի լինելու. «Իմ քայլը» չի բացառում, որ այլ պաշտոնյաներ էլ կկանչվեն ԱԺ

«Իմ քայլը» չի բացառում, որ շարունակելու է քննարկել պարգևավճարների թեման` մինչև իրավական լուծում գտնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Դավիթ Անանյանը միակը չի լինելու։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված հատկապես ՊԵԿ նախագահին քննարկմանը հրավիրելը։

«Եթե մենք ուզում ենք համապարփակ լուծում, չենք կարող մի գերատեսչության հետ առնչվող խնդիրներով որպես օրենսդիր լուծում տալ»,– ասաց նա։

Դավիթ Անանյանը խոստովանեց` 14 մլն դրամ պարգևավճար է ստացել

Իսկ թե որ պաշտոնյաներին են նախատեսում հրավիրել առաջիկայում, Մակունցը խոստացավ լրագրողներին հայտնել հետո։

Իսկ այս պահին, ըստ խմբակցության ղեկավարի, փորձ է արվում հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը` հասկանալու համար, թե ինչպես կարող է օրենսդիր մարմինն աջակցել իրավիճակը շտկելուն։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր դռնփակ քննարկում էր հրավիրել, որի ընթացքում արծարծվել է պետական ու համայնքային կառույցներում պարգևավճարների աղմկահարույց թեման։

Քննարկմանը հրավիրված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նիստից դուրս գալով լրագրողներին հայտնեց, որ պատասխանել է պատգամավորների 15-20 հարցերի։ Նա հայտնեց նաև, որ 2018թ.–ի 8 ամսվա համար ինքը ընդհանուր առմամբ 14 մլն դրամ պարգևավճար է ստացել։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ.–ի վերջին շռայլ պարգևավճարներ են տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ են ստացել։