ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը չհաստատեց ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում հանդիպելու մասին լուրը, բայց նաև չբացառեց դրա հավանակնությունը։ Նա այս մասին ասաց այսօր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Փետրվարին Մյունխենում Անվտանգության համաժողով է կազմակերպվելու, որին մասնակցելու է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ես լինելու եմ Մյունխենում, նախատեսվում է, որ իմ գործընկեր Էլմար Մամեդյարովն էլ է լինելու, ես չեմ կարող հաստատել, որ մեր վարչապետը նույնպես կլինի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով հարցին՝ կարելի՞ է սպասել Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև 4-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։
Յոհաննես Հաանն իր հերթին նշեց, որ ԵՄ–ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ու շփումները։
Հիշեցնենք, որ Մնացականյանի ու Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է հունվարի 16-ին Փարիզում։ Փաշինյանի ու Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումն էլ կայացել է հոնվարի 22-ին Դավոսում։