Նոր օրինագծով ինքնակամ շինություններն այլևս չեն օրինականացվի

Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, քանդվել է 3 ապօրինի շինություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 Հունվար — Sputnik. Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի շինություն է քանդվել:

Ապօրինի շինարարության և պետությանը պատճառած խոշոր վնասի դեպքով հարուցվել է քրեական գործ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:

«Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն մենք կունենանք իրական արդյունք»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Նա հավելել է, որ հակառակ պարագայում քաղաքացիները կշարունակեն մտածել, որ իրենց տունը կամ խանութը կարող են անօրինական կերպով կառուցել, այնուհետ օրինականացնել: