Երևանի կենտրոնում ավազակային հարձակման ենթարկված կնոջ վիճակը ծանր է

Անհայտ անձը դիմակավորված ներս է մտել բուքմեյքերական կենտրոն, հարձակվել գանձապահի վրա, դաժան ծեծի ենթարկել, դրամարկղից գողացել է 1 մլն 85 հազար դրամ և դիմել փախուստի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Երևանի կենտրոնում ավազակային հարձակում է տեղի ունեցել բուքմեյքերական գրասենյակի վրա։ Գանձապահը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ավազակային հարձակում Երևանում. թալանել են վարկային ընկերության գրասենյակը

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ՝ հունվարի 27-ին, ժամը 02։50-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող բուքմեյքերական կենտրոնի նկուղային հարկ է մեկնել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված բուքմեյքերական կենտրոնի գանձապահ՝ Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 55-ամյա Հասմիկ Ճ.-ն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում և գլխի հատվածում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։50-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել նշված կենտրոն, հարձակվել գանձապահի վրա, դաժան ծեծի ենթարկել, որից հետո դրամարկղից գողացել է 1 մլն 85 հազար դրամ և դիմել փախուստի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին հաղորդում տալու։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ։