ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Գևորգ Ավետիսյանը Եկատերինբուրգի Գնչուական ավանում երեք երեխայի է փրկել վառվող տնից։ Այս մասին նշված է Ռուսաստանի Սվերդլովի շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության կայքում։
Հայը փրկել է հրդեհվող տան մեջ փակված երեխաներին. Ռուսաստանի ԱԻՆ–ը կպարգևատրի հերոսին
© Photo : official site of the MES of RF
Նշվում է, որ 30–ամյա Գևորգը մեքենայով անցնելիս է եղել Դեպուտատսկի փողոցի 53-րդ տան մոտով։ Նա տեսել է ծուխը, կանգնեցրել ավտոմեքենան և շտապել տան կողմ։ Պատուհանից տեսել է, որ ինչ–որ մեկը թափահարում է ձեռքերը։ Կոտրել է պատուհանը և սկսել է դուրս բերել երեխաներին։ 12 տարեկան երկու աղջիկներն ու 10 տարեկան տղան փրկվել են, ոչ ոք չի տուժել։ Համոզվելով, որ տանն այլևս մարդ չկա, Գևորգը երեխաներին հանձնել է հարևանուհուն։
Երեխաների կյանքը փրկելու համար Ռուսաստանի ԱԻՆ Գլխավոր վարչությունը կխրախուսի հերոսին։