Թող մեր սպաներին գնահատեն կենդանության օրոք, ոչ թե մահից հետո. որդեկորույս մոր մաղթանքը

Շիրակի մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու պարզապես քաղաքացիները, ինչպես ամեն տարի, այս հունվարի 28–ին էլ այցելեցին ազատամարտիկների «Շիրակ» պանթեոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո Գյումրիի ազատամարտիկների «Շիրակ» պանթեոնի շիրմաքարերն  ավելացան, ավելացավ նաև պանթեոն այցելող որդիներին կորցրած ծնողների թիվը:

Տարածքներ չենք զիջելու, 4 անգամ զիջել ենք. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտին` Հրաչ Գալստյանին, այսօր`Հայոց բանակի ձևավորման 27 ամյակի առթիվ հարազատները շնորհավորելու էին եկել: Նրանց հետ  հորեղբոր գերեզմանին ծաղիկներ էր դնում նաև փոքրիկ Հրաչը, որ հերոսի անունն է կրում: Հրաչ Գալստյանի զոհվելուց հետո ընտանիքում 3 երեխա է ծնվել՝ Հրաչի դուստրը և եղբոր երեխաները, սակայն որդեկորույս մոր համար Հրաչի տեղը թափուր է, թեև վստահեցնում է` թոռնուհին ամեն ինչով հորն է նման:

«Հրաչիս  զոհվելուց 1 ամիս հետո աղջիկը ծնվեց՝ Անահիտը, ապա 2 նորածիններ ունեցանք` Հրաչն ու Նարեկը, բայց ամեն մեկն իր տեղն ունի: Ապրում եմ Հրաչիս  հուշերով, միայն Անահիտն է, որ ինչ-որ չափով փոխարինում է հայրիկին՝  թե՛ բնավորությամբ, թե՛ արտաքինով շատ նման է նրան»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հրաչի մայրը ՝ Անահիտ  Գալստյանը`  հետո ավելացնելով՝ չէի  ուզի հուշերով ապրեի:

Շնորհավորելով հայոց բանակի կազմավորման առթիվ` տիկին Անահիտը հայոց բանակին խաղաղություն է մաղթում, ավելացնելով. «Թող մեր սպաներին գնահատեն կենդանության օրոք, ոչ թե մահից հետո, սա եմ մաղթում մեր ղեկավարներին: Ամենադժվար գործը սպաներինն է»:

Հրաչ Գալստյանը զինված ուժերում էր 2007թ.-ից, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և տեղափոխվել Արցախ, երկու տարի ծառայել էր Մատաղիսում, ապա՝ Թալիշում:

Ապրիլի 3-ին հենց այնտեղ ծավալված ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է նա: Այդ դեպքերից ընդամենը 1 տարի առաջ էր ամուսնացել էր: Կինը՝ Անուշը, Մատաղիսից է: Հրաչի ու Անուշի միակ զավակը՝ Անահիտը, ծնվել է հոր զոհվելուց շուրջ մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին: Հրաչ Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն»  և «Մարտական խաչ» մեդալներով: