«Ինձ համար մեծ պատիվ է...». Արթուր Աբրահամը շնորհավորել է Հայկական բանակի օրվա առթիվ

Հանրահայտ բռնցքամարտիկը միացել է Հայկական բանակի օրվա կապակցությամբ հնչած շնորհավորանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ: Շնորհավորանքը հրապարկել է Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը։

«Շնորհավորում եմ մեզ համար կարևոր այս տոնի` Հայոց բանակի օրվա առթիվ: 1999-2001 թվականներին ինքս ծառայել եմ Հայոց բանակում՝ Երևանի մարզական վաշտում: Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայոց հաղթանակած բանակի զինվորն եմ եղել, որ ծառայել եմ տարածաշրջանի ամենաուժեղ բանակում: Մաղթում եմ ամենակարևորը՝ ուժ և խաղաղություն...Շնորհավո՛ր բոլորիս տոնը»,– գրել է Աբրահամը:

Հայկական բանակն այսօր դարձավ 27 տարեկան։

ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: