Պաշտպանության նախարարը չի հերքում. պարգևավճարներ տրվել են, այն էլ` մեծ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի թաքցնում` նախարարությունում պարգևավճարները մեծ են ու վճարվել են 2 անգամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. 2018թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծ պարգևավճարներ է տվել իր աշխատակիցներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այդ սկանդալային պարգևավճարները. ի՞նչ է ասում հակակոռուպցիոն փորձագետը

Նրա խոսքով`մեծ պարգևավճարների համար գումարները գոյացել են նախարարության բյուջեի խնայողություններից:

«Դրանք չեն տրամադրվել, օրինակ, ինչ-ինչ ձեռքբերումների համար, այլ տրամադրվել են անձնակազմին՝ որպես պարգևավճար: Տրամադրվել է հիմնականում ռազմական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին, և, եթե չեմ սխալվում` երկու անգամ։

Թե ինչ գումարների մասին է խոսքը, Դավիթ Տոնոյանը չմանրամասնեց։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ են տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ են ստացել։