Վիրավորական է. մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու. Մնացականյանը` բանակցություններից

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է արցախյան բանակցություններում հայկական կողմի դիրքորոշումը` ընդգծելով Հայաստանի ու Արցախի համար հատուկ կարևորություն ունեցող հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Բացառապես խաղաղ կարգավորում, բացառապես Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղությանը նպաստող միջավայր։ Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արցախյան կարգավորման բանակցություններում Հայաստանի դիրքորոշմանը, ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Եվ ամենակարևորը, որ ասել ենք` Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները։ Սրա շուրջ են բանակցությունները գնում»,– ասաց նախարարը։

Դավոսյան հանդիպման հակառակ երեսը. տեղի՞ն է արդյոք հայ հասարակության խուճապը

Մնացականյանը նշեց, որ զարմացած է հնչող այն մեկնաբանություններից, թե հայկական կողմը պարտվողական տրամադրություններ ունի և կորցրել է հասարակության վստահությունը։

«Դա բոլորիս, այդ թվում`հասարակության համար վիրավորական է։ Մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու»,– ասաց Մնացականյանը` միաժամանակ հավելելով, որ հայկական կողմը հետևողական աշխատանք է տանում Արցախը բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ։ «Եթե ամեն բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք։ Սա մեզ համար կոնկրետ, պրակտիկ խնդիր է։ ՀՀ վարչապետը ներկայացնում է ՀՀ–ն, ընտրված է ՀՀ ժողովրդի կողմից։ Արցախի ժողովրդին ներկայացնում են Արցախի իշխանությունները։ Արցախի իշխանություններն ընտրված են Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից։ Մենք չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել առանց Լեռնային Ղարաբաղի։ Սա բանակցությունների արդյունավետության խնդիր է»,– ասաց նախարարը։

Մնացականյանը շեշտեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում խաղաղությանն այլընտրանք չկա, այլընտրանքը, նրա ձևակերպմամբ`«կատաստրոֆան է»։

«Մենք պաշտպանելու ենք խաղաղություն, պահպանելու ենք խաղաղ գործընթացը, պայքարելու ենք խաղաղ գործընթացի համար։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի 3 հանպատրաստից հանդիպումներին` Մնացականյանը կարծիք հայտնեց, որ լավ է, երբ ղեկավարներն առիթն օգտագործում են տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու, միմյանց ավելի լավ հասկանալու ու միմյանց մոտեցումներն ավելի լավ պատկերացնելու համար։

Ինչ վերաբերում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններին, դրանք, ըստ Մնացականյանի վերաբերում է պատերազմական ռիսկերի նվազեցմանը։ «Դրան ավելացել է Դուշանբեն, և արդյունքում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ կա նվազ լարվածություն շփման գծում և սահմանում։ Մեզ համար ռիսկերի նվազեցումը եղել և մնում է ամենաէականը, ինչպես էլ որ դա կոչենք»,– ասաց նախարարը։

Փաշինյան– Ալիև վերջին հանդիպումներին, Մնացականյանի խոսքով, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Եթե լինի հանրությունից գաղտնի չի պահվի։

Հիշեցնենք, որ հունվարի 22–ին շվեյցարական Դավոսում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը։