Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. լուսանկարներ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է Հովհաննես Բաչկովի անձնական մարզչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր կայացել է մարզչական խորհրդի նիստ՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ, և նիստի ընթացքում որոշվել է, որ գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Ռուդիկ Մկրտչյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը, ֆեդերացիայի նախագահի առաջարկով մարզչական խորհուրդը որոշեց, որ Թորոսյանն այսուհետ կզբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով, որոնք, արդեն իսկ հասել են նշանակի ձեռքբերումների, իսկ առջևում սպասվում են կարևորագույն մենամարտեր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանին, որը Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչն է: Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները:

Հավաքականի 2-րդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը, որն ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական:

Մյուս տարիքային հավաքականներում մարզչական փոփոխություններ չեն եղել: