Պետական կառույցներում պարգևավճարների խնդիրը կքննարկվի Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյան

Պետական ու համայնքային կառույցներում տարեվերջին վճարված պարգևավճարների, հավելավճարների, 13-րդ աշխատավարձերի ու այլ վարձատրությունների թեման շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ ԱԺ փոխնախագահը խոստանում է հարցը քննարկել խորհրդարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Պետական կառույցներում վճարված տարեվերջյան պարգևավճարների խնդիրը վաղը` հունվարի 29-ին, կքննարկվի Ազգային ժողովում։ Այս մասին այսօր բանակի 27-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Երեքշաբթի քննարկում կունենանք և դրա հետ կապված մեր դիրքորոշումը կհայտնենք։ Խոսքը, ըստ իս, չափի մասին չէ, այլ նպատակահարմարության։ Եթե դա արվել է որպես աշխատավարձի մի մաս, հասկանալի է, իսկ եթե ինչ-որ պահի ինչ-որ մեկն օգտվել է, դա արդեն դատապարտելի է»,- ասաց Սիմոնյանը։

Այդուհանդերձ, ԱԺ փոխխոսնակն այս փուլում ճիշտ չի համարում գնահատական հնչեցնելը, քանի դեռ հարցը չի քննարկվել։

Սիմոնյանը չհերքեց` 13-րդ աշխատավարձ ինքն էլ է ստացել ու ոչ միայն 2018-ին, այլև մեկ տարի առաջ, քանի որ արդեն 2 տարի ԱԺ պատգամավոր է։

Պաշտպանության նախարարը չի հերքում. պարգևավճարներ տրվել են, այն էլ` մեծ

Իսկ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ի տարբերություն իր ենթակաների, պարգևավճար չի ստացել։ Այս մասին այսօր նախարարը հայտնեց լրագրողներին` նշելով. «Ես ինքս ինձ չեմ պարգևատրել»։

Ընդ որում, նրա խոսքով, պարգևատրումներն ամսական աշխատավարձից պակաս են եղել։

Պարգևատրումներ ստացել են նաև ոստիկանության աշխատակիցները։ Այս մասին լրագրողներին հայտնեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` չցանկանալով բացահայտել վարձատրության չափը, բայց խոստացավ` հետո կխոսենք։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ են տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ են ստացել։